Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը․ Աշոտ Ղուլյան

Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստին, որը նվիրված է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին, ելույթով հանդես եկավ նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Մեր ժողովրի պատմության մեջ որքան նշանակալի են փառահեղ հաղթանակները, նույնչափ կարևոր են հիշատակի և ոգեկոչման արժանի էջերը։ Դրանք մեր պատմության անբաժանելի մասն են, որ գուցե հաճախ հետևանք են եղել մեր անկեղծ դրացիության, հարևանի հանդեպ լիակատար վստահության և մարդասիության»,- հայտարարեց նա և հավելեց, որ կատարված ոճիրից 30 տարի անց պարզ հարց է առաջանում, թե ինչպես կարող էր նույն ժողովուրդը 3 անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերը իր ձեռքով է դրել, պատասխանը մեկն է։

«Ստեղծագործ և արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգությունը ամեն անգամ հաղթահարելով իրեն հասցված ցավը։ Այն, ինչ տեղի է ունեցել 1990 թ․ հունվարին Բաքվում, հացագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանությունների կողմից»,- նշեց Աշոտ Ղուլյանը։ Արցախի ԱԺ նախագահը ընդգծեց՝ ցավալի է, որ 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը՝ հունվարյան դաժան օրերի սլաքները այլ ուղղությամբ տանելու և իրեն որպես զոհ ներկայացնելու միջոցով։

Հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայություն՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի բնագավառներում։ Ելույթի վերջում Աշոտ Ղուլյանն ընդգծեց, որ թեև տեղի ունեցած ոճիրը արձանագրվել և դատապարտվել է միջազգային հանրության կողմից, սակայն դրա կազմակերպիչները և իրագործողները իրավական պատասխանատվության չեն ենթարկվել։

«Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- հավելեց նա։