Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան1
A A
Քաղաքականություն

Այս մարդիկ կտտանքների ենթարկվեցին միայն այն պատճառով, որ հայ էին․ Արարատ Միրզոյան

Ազգային ժողովում ընթանում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստ, որը նվիրված է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին։

«Նիստի սկզբում առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել այդ ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակը»,- նշեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Իր ելույթում միրզոյանը նշեց․

«Ուղիղ երեսուն տարի առաջ այս օրերին խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն շատ ծանոթ իրադարձություններ՝ հայերի ջարդեր: Արկադի Ավանեսով, Սերգեյ Հարությունյան, Արուսյակ Մարկոսյան, Պետրոս Հարությունով, Սաթենիկ Սարգիսյան, Աննա Սարկիսովա, Մկրտիչ Պետրոսյան և տասնյակ ուրիշներ, ում սպանեցին:

Հարյուրավոր այլ մարդիկ, որոնք անմարդկային խոշտանգումների ենթարկվեցին, հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները և կյանքը շարունակել փախստականի կարգավիճակում: Այս մարդիկ սպանվեցին, կտտանքների, հալածանքների ենթարկվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանց միակ մեղավորությունը հայկական ազգային պատկանելություն ունենալն էր»,- ասաց Միրզոյանը և հավելեց, որ ջարդերից օրեր անց Հայաստանի Գերագույն խորհուրդն արդարացիորեն արձանագրել է, որ Բաքվի դեպքերը խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող շովինիստական քաղաքականության ակնհայտ դրսևորում էին:

«Ճակատագրի հեգնանքով այս ջարդերը մուլտիկուլտուրալիզմի կենտրոն հռչակված Բաքվում արդեն երրորդն էին միայն 20-րդ դարի ընթացքում: Նույն իրադարձությունները, նույն ձեռագրով, նույն քաղաքում եղել էին նաև 1905-ին և 1918-ին: 1990-ի այս ջարդերից չափազանց շատ կարճ ժամանակ առաջ ջարդեր էին տեղի ունեցել նաև Սումգայիթում և Կիրովաբադ (Գանձակում): Բաքվի ջարդերից շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր սկսվեցին Մարաղայում և այլուր։ Հայատյացության այդ քաղաքականությունն իր դրսևորումներն է ունեցավ նաև 21-րդ դարում: Ադրբեջանական իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, որը կացնահարել էր քնած հայ զինվորին»,- հայտարարեց ԱԺ նախագահը։

Արարատ Միրզոյանը նաև 2016թ. ապրիլին Թալիշում տեղի ունեցածը հիշեց, որտեղ դաժանաբար սպանվեցին բնակիչներ:

«Նույն քաղաքականության վկայությունները կարող ենք գտնել Ադրբեջանում ամենուր՝ դպրոցական դասագրքերից մինչև այդ երկրի նախագահի հայտարարություններ, որոնցում ողջ հայ ազգը հայտարարվում է Ադրբեջանի ժողովրդի՝ ոչնչացման ենթակա թշնամի: Բաքվի ջարդերը ադրբեջանական իշխանությունների կողմից վարած երկարատև հակահայ քաղաքականության մի մասն էին միայն: Սառցաբեկորի առավել տեսանելի մասը: Դրանց նախորդել էին դեռևս 80-ականներից սկսված հստակ կազմակերպված քայլերը՝ առավելապես սոցիալական, մշակութային, կրթական, որոնք ստիպում էին հայերին լքել իրենց տները և հեռանալ Բաքվից: Ինչի արդյունքում արդեն իսկ այդ պահին էականորեն նվազել էր Բաքվի հայ բնակչության թիվը»,- ասաց Միրզոյանը: