Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցը» նոր տնօրեն ունի․ մարզպետը նշանակեց իր թիմակցին․ Առավոտ

Ինչպես հայտնի է, թեժ պայքար էր ընթացել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար։ Մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը, որի աշխատանքից գոհ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Ժորժիկ Սերոբյանը։ Վերջինս աշխատում է Գյումրու բժշկական կենտրոնում ու նաև ավստրիական հիվանդանոցում՝ որպես տրավմատոլոգ։

Նա Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի որդին է, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի թիմակիցը, նրա մոտ ընկերոջ՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանի քեռու որդին է։

Հունվարի 14-ին կայացած մրցույթում Ժորժիկ Սերոբյանը իր միավորներով զիջել էր Աշոտ Կուրղինյանին։ Կուրղինյանը մրցույթին փայլել էր իր պատասխանով․ նա 50 գրավոր հարցերին բացառապես տվել էր ճիշտ պատասխաններ՝ հավաքելով 100 միավոր, իսկ Ժորժիկ Սերոբյանը հավաքել էր 48 միավոր։ Բանավոր փուլը երկու թեկնածուներն էլ հաղթահարել էին՝ 5 հարցերին տալով ճիշտ պատասխաններ։ Վերջում երկուսն էլ ներկայացրել էին հիվանդանոցի զարգացման ծրագիր․ հանձնաժողովականներից մեկը դեմ էր քվեարկել Ժորժիկ Սերոբյանին՝ նա 6 կողմ, 1 դեմ ձայն էր հավաքել, իսկ Աշոտ Կուրղինյանը՝ 7 կողմ ձայներ էր հավաքել։

Ինչևէ, այսօր մարզպետի որոշմամբ Ժորժիկ Սերոբյանն է նշանակվել տնօրեն։ Թե ինչպիսի կառավարիչ կդառնա, ցույց կտա ժամանակը, իսկ Գյումրի բժշկական կենտրոնից մրցույթին մասնակցելու համար Ժորժիկ Սերոբյանին տրված բնութագրից տեղեկանում ենք, որ աշխատանքային գործունեությունը սկսել է 2005 թվականից, 2013 թվականին տեղափոխվել է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ ու մինչև օրս աշխատում է վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում՝ որպես բժիշկ-վնասվածքաբան։

Իդեպ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր։ Արդարության սկզբունքը ստորադասվեց անձնական շահին։
Ցավում եմ։