Գևորգ Կուտոյանի մահը կարող է կապված լինել նախկին ծառայողական լիազորությունների հետ․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում չբացառեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը կարող է պայմանավորված լինել իր նախկին ծառայողական գործողություններով։ «Համոզված եմ, որ դա քննչական վարկածներից մեկը կլինի։ Բոլոր վարկածներն էլ պետք է քննարկվեն ու ստուգվեն՝ սկսած անձնական խնդիրներից, վերջացրած պաշտոնավարման փաստերը»,- ասած նա։
Անցած տարի սեպտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ, պաշտոնական վարկածով, ինքնասպանություն է գործել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, այնուհետև Ռուսաստանում պայթյունի արդյունքում մահացավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այս երեք նախկին պաշտոնյաներն առնչություն են ունեցել 2008թ․մարտի 1-ի դեպքերին։ ՀՔԾ ներկայացմամբ՝ Գ․Կուտոյանը մայիսին Գևորգ Կոստանյանի հետ այցելել են այդ ժամանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ և ոստիկանության կողմից մարտի 1-ի լուսադեմին «Ազատության» հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել «Տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր:
Արդյոք Գ․Կուտոյանի մահը՝ սպանությունը կամ ինքնասպանությունը կարո՞ղ է պայմանավորված լինել այդ հանգամանքներով։ Ա․Խաչատրյանը չի շտապում կարծիք հայտնել՝ հույս հայտնելով, որ քննությունը ամեն ինչ կպարզի։
Հ․Գ․
«Ա1+»-ը Գ․Կուտոյանի մահվան մասին տեղեկացավ Արմեն Խաչատրյանի հետ հարցազրույցի ավարտին։ Եվ տեսանյությում հնչած «սպանություն», «ինքնասպանություն» ձևակերպումներն այդ տեղեկատվորությունը լսելու առաջին տպավորության արդյունք էին։ Իսկ Ա․Խաչատրյանի հետ մեր հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ։
Մանրամասները՝ տեսանյութում։