Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մարզիչներ է նշանակել
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Նիստի ընթացքում ՀՀ հավաքական թիմերի մարզիչները ներկայացրել են նախորդ տարվա մարզական հաշվետվությունը: Ֆեդերացիայի նախագահի ներկայացրած մարզչական կազմը արժանացել է մարզչական խորհրդի հավանությանը, որից հետո գործկոմը հաստատել է այս տարվա հավաքական թիմերի մարզիչներին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Վահան Ադիլխանյանը, որը մինչ այդ կատարում էր գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները: Հավաքականում նրան կօգնի ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը:
Կարեն Աղամալյանը կշարունակի գլխավորել երիտասարդական հավաքականը: Երկրորդ մարզչի պարտականություները կկատարի Գարիկ Բաղդասարյանը: Միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի արծաթե մեդալակիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի USBA-ի (ԱՄՆ-ի) չեմպիոն Արտյոմ Սիմոնյանը կմարզի ավագ տարիքի պատանիների հավաքականը: Նրան կօգնի Գևորգ Կոստանյանը: Իսկ Տիգրան Արմենակյանը կմարզի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը: Աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այլևս չի ֆինանսավորվում պետության կողմից, քանի որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անցած տարի ֆեդերացիային հանել է իր անդամների կազմից։