Բացել լրահոսը Փակել լրահոսը
15983955
A A
Քաղաքականություն

«Չեմ հավատում, որ օրենսդրորեն կարողանալու ենք կարգավորել»․ Նաիրա Զոհրաբյանը՝ ատելության խոսքի մասին (տեսանյութ)

«Երեկ պաշտոնապես դիմել եմ գլխավոր դատախազին և ներկայացրել եմ բոլոր նյութերը, որ հասկանանք, թե ինչ է կատարվում»- լրագրողների հետ զրույցում հայտարեց ԱԺ ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի իր պաշտոնական էլեկտրոնային հասցեն  կոտրելու հանգամանքին։

«Այո, քիչ առաջ խոսում էի Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ։ ՄԻՊ-ի հետ էլ քննարկում ենք համատեղ խորհրդարանական լսում անցկացնելու հարցը՝ Հայաստանում ատելության խոսքի հետ կապված»։ 

Զոհրաբյանն ասաց՝ փորձելու են դաշտը կանոնակարգել օրենսդրորեն, ինչի հնարավորությունը դեռ հստակ չի տեսնում։

Պատգամավորի խոսքով՝ սոցիալական մեդիայում ատելության խոսքը  ազգային անվտանգության լրջագույն խնդիր է։

«Այսօր պիտի արձանագրենք, որ ատելության խոսքը, գռեհկաբանությունը, հայհոյանքները վիրտուալ տիրույթից տեղափոխվել են իրական կյանք, ինչը լրջագույն վտանգներ է պարունակում, և դա պետք է կասեցվի»։

Զոհրաբյանն ասում է՝ այստեղ լրջագույն անելիք ունի իշխանությունը, քանի որ բոլոր ռեսուրսներն իշխանության ձեռքին են, և իրենք  կարող են իսկապես գոնե  փորձ անել՝ այս ամենը կասեցնելու։

Պատգամավորն ասում է՝ ուսումնասիրել է միջազգային փորձը և որևէ հաջողված օրինակ չի գտել՝ օրենսդրորեն դաշտը կարգավորելու վերաբերյալ։

«Ես չեմ հավատում, որ օրենսդրորեն մենք սա կարողանալու ենք կարգավորել այնպես, որ դա չդառնա Դամոկլյան սուր խոսքի ազատության սահմանափակման համար»։

Զոհրաբյանն ընդգծեց նաև, որ վերջին շրջանում որոշակի մեսիջներ կան, որտեղ ռիսկեր է տեսնում, որ հնարավոր է՝ լրատվամիջոցների հանդեպ «օրենսդրության» շրջանակներում ինչ-ինչ մտահոգիչ խնդիրներ առաջանան:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շատ հաճախ իշխանության ներկայացուցիչները մերժում են որոշ լրատվամիջոցներին հարցազրույց տալ, նա ընդգծեց. «Այստեղ դե յուրե որեւէ հարց չի կարող լինել, մարդն ասում է՝ ես չեմ ցանկանում X լրատվամիջոցին հարցազրույց տալ, այստեղ իրավական առումով ամեն մեկն ազատ է»:

Զոհրաբյանն անդրադարձավ նաև դատական համակարգին։ 

«Որևէ քաղաքական գործիք ՍԴ-ի հանդեպ չպիտի կիրառվի։ Ես չեմ ուզում, որ դատական համակարգը հիմա էլ գտնվի այս իշխանության կրունկի տակ։ Եթե ռեֆորմները լինելու են այն ուղղությամբ, որ մենք ունենանք անկախ դատական համակարգ, դա լավ է»։