Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ հավերը օղի խմեցին…

Մշակույթ


Երիտասարդ ռեժիսոր Արթուր Միքայելյանի «Հարբած հավերը» մուլտֆիլմը այս օրերին ներկայացվում է Սանկտ-Պետերբուրգում: Այս տարվա ընթացքում ֆիլմը ներկայացվելու է նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: «Հարբած հավերը» ռեժիսորի երկրորդ ֆիլմ է: Առաջինը` «Կրկնակի գովազդը», նա նկարել է դեռեւս ուսանողական տարիներին: Ի դեպ, «Հարբած հավերի» սցենարը իրական պատմություն է:

«Ով լսում է այս պատմությունը` ասում է , որ դա իրենց գյուղում է պատահել: Սակայն դա իրականում պատահել է Մհեր Մկրտչյանի հետ` նկարահանումների ժամանակ Գորիսում»,-ասում է Արթուր Միքայելյանը:

5 րոպեանոց խաղարկային անիմացիոն նկարչական ֆիլմում օգտագործված է յոթից ութ կերպար: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են հարբում հավերը` մի քանի կաթիլ օղուց: Նրանց տերերը` պապն ու տատը` կարծելով, թե հավերը սատկել են, նրանց փետրահան են անում ու գցում ձորը: Ուշքի եկած «տկլոր» հավերը մի քանի ժամից վերադառնում են տուն:

Նշենք, որ արդեն երկու ամիս է` ռեժիսոր Արթուր Միքայելյանը աշխատում է նոր մուլտֆիլմի վրա` ըստ Հ. Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի: Այն կլինի մյուզիքլ:

«Մուլտֆիլմում կմասնակցեն մեր էստրադայի, շոու-բիզնեսի շատ հայտնի կատարողներ: Այս մուլտֆիլմը կլինի 10-15 րոպե տևողությամբ հայկական նկարչական անիմացիոն մուլտֆիլմ, որը հաճելի կլինի նայել թե փոքրերին, թե մեծերին»,-ասաց երիտասարդ ռեժիսորը: