Աջաբսանդալ է ստեղծվել. բոլոր հեռուստաընկերություններն առանց որևէ նորմի հեռարձակվում են․ Տիգրան Հակոբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի դիտարկմամբ՝ Հեռուստաընկերությունների տեխնիկական լիցենզավորումը պետք է վերացվի։
Ըստ նրա՝ ցանկացած մեկը կարող է որոշել և մատուցել տեսալսողական ծառայություններ։
«Խիստ լիցենզավորման տակ պետք է լինեն այն ուղիները, որոնցով այդ տեսալսողական ծառայությունները մատուցվում են։ Այսինքն՝ անում ես, ինչ ուզում ես, ազատ ես այն հարթակներում, որոնք հեռուստատեսություն չեն համարվում, բայց եթե դու մտնում ես այդ դաշտ, լինի արբանյակային հեռարձակում, կաբելային ցանցեր, թե տարբեր եթերներով, ապա դու պետք է ենթարկվես խիստ բովանդակայաին սահմանափակումների։ Այդպես աշխատում է ամբողջ աշխարհը, ամեն տեղ վերահսկվում է բովանդակությունը»,- ասաց Տիգրան Հակոբյանը և բացատրեց, թե ինչ է նշանակում վերահսկել։
«Վերահսկվում է բազմազանության պահանջի ապահովումը, որպեսզի երաշխավորվի հասարակությանը օբյեկտիվ, անկողմնակալ և բազմակողմանի ինֆորմացիայի ստացումը, որն այս պահին Հայաստանում չի ապահովվում՝ օրենքի անկատարության դեպքում»,- նշեց Տիգրան Հակոբյանը։
Ըստ Տիգրան Հակոբյանի՝ բոլոր երկրներում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաընկերությունները սահմանափակ են, և նրանք մտնում են սոցիալական փաթեթի մեջ, որոնց սփռումը երկրով մեկ և անվճար դիտումը երաշխավորվում է պետության կողմից։
Ըստ նրա՝ Հայաստանում հակառակն է։
«Աջաբսանդալ է ստեղծվել, և բոլոր հեռուստաընկերություններն առանց որևէ նորմի հեռարձակվում են։ Գիտեմ, որ սա ամենավիճելի խնդիրն է, բայց հանրային մուլտիպլեքսը մնացել է այն միակ սահմանափակ ռեսուրսը, որում լինելու համար, պետք է համապատասխանես տարբեր նորմերի և որտեղ կարող են լինել պարտվողներ»,- ասաց նա։
Տիգրան Հակոբյանը ներկայացրեց այն նորմերը, որոնք պարտադիր են հանրային մուլտիպլեքսում լինելու համար։ Պետք է պաշտպանել և պահպանել հանրային անդորրը, բարոյականությունը, համամարդկային և ազգային արժեքները, պահպանել քաղաքական չեզոքություն, ներկայացնել բոլորի տեսակետները հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ և այլ դրույթներ։
Մանրամասները՝ տեսանյութում։