Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Բալային համակարգի կիրառումը տաքսիստների համար աբսուրդային է»․ ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)

Մի շարք վարորդներ, ավտոներկրողներ բողոքի ակցիա են անում կառավարության մոտ։ Պատճառը ճանապարհային երթևեկության բալային համակարգի ներդրումն է։ 

Հավաքվածների թվում են նաեւ դերասան, «Դարք Ռեյվնս» մոտոակումբի նախագահ Գևորգ Գրիգորյանը,  «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, փոխնախագահ, «Իրավունքի սահման» ՍՊԸ նախագահ Գևորգ Հովհաննիսյանը եւ այլոք։

Գևորգ Գրիգորյանի խոսքերով՝ ռուսական համարներով մեքենաները կարող են խուսափել բալային համակարգից, Հայաստանի ճանապարհները հնարավորություններ չեն ստեղծում, որպեսզի վարորդներն առանց խախտման կարողանան վարել, առաքիչները խանութներին ապրանք տալիս չեն կարող խախտում չկատարել, քանի որ հատուկ պայմաններ չկան ստեղծված՝ մեքենան կայացնելու համար։ 
 
Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ տաքսու վարորդների, առաքիչների համար պետք է առանձին կարգավորումներ լինեն, բալային համակարգի կիրառումը տաքսիստների համար աբսուրդային է։ Բացի այդ «Ավտովարորդների լիգայի» նախագահը նշեց, որ 2015 թվականին տաքսիստների տուգանքների հարցը դեռևս չի լուծվել։  
 
«Իրավունքի սահման» ՍՊԸ նախագահ, իրավաբան Գևորգ Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանում կանգառների թիվը բավարար չէ տաքսիստների համար՝ 30 տոկոսով է բավարար, իսկ մնացյալ 70-ին այս բալային համակարգով կառավարությունը մղում է իրավախախտումների։ Իրավաբանի պնդմամբ՝ պետք է դիտարկել օրենքի իրավաչափությունը։ 
 
Լիգայի նախագահն ասաց, որ սպասում են, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը՝ բարձրացրած խնդիրների քննարկման համար։ 
 
Մեքենայով և մոտոցիկլետներով եկածների համար ոստիկանությունն առանձին տեղ հատկացրեց՝ դրանք Հրապարակում կայանելու համար։
 
Ավելի ուշ «Ավտովարորդների լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խոսել է վարչապետ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ։ Նա ասաց, որ պետք է խոսի տաքսի վարորդների հետ լիցենզիայի տրամադրման, բալային համակարգը հետ կապված խնդիրների վերաբերյալ, հանդիպումներ ունենա Ոստիկանությանում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, Ազգային ժողովում՝ խնդիրների քննարկման համար։