Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիլիթ Մակունց
A A
Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը՝ Սոֆյա Հովսեփյանի և Կարեն Սարուխանյանի միջև հեռակա բանավեճի մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խմբակցության երկու պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Կարեն Սարուխանյանի միջև հեռակա բանավեճին, ինչը լայն քննարկումներ առիթ էր դարձել վերջին օրերին։

Նշենք, որ Կարեն Սարուխանյանը կին պատգամավորի հասցեին ասել էր՝ «ամուսնացիր՝ կանցնի», ինչից հետո սոցիալական ցանցերում քննադատվել էր նրա այդ արտահայտությունը։ Այնուհետեւ Սարուխանյանը ներողություն էր խնդրել գործընկեր պատգամավորից։

Խմբակցության ղեկավարը նշեց, որ ինքը զրուցել է թե՛ տիկին Հովսեփյանի, թե՛ պարոն Սարուխանյանի հետ։ Նա ընդգծեց, որ Սոֆյա Հովսեփյանի հետ զրույցում ինքը հայտնել է իր դիրքորոշումներն այն մասին, որ պարոն Սարուխանյանի կողմից արված արտահայտություններն ընդունելի չեն։

«Այդ հարցերը քննարկել են կուսակցության կարգապահական աշխատանքների շրջանակում ու հարթվել են, քանի որ Կարեն Սարուխանյանը ներողություն է խնդրել իր կողմից արած անընդունելի արտահայտության համար»,- նշեց նա։

Լրագրողը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է ԱԺ էթիկայի հանձնաժող ստեղծվի այս միջադեպի վերաբերյալ, Լիլիթ Մակունցն ասաց, որ դեռևս ամռանը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել։

«Առաջիկայում հնարավորինս սեղմ ժամկետներում ես հետամուտ եմ լինելու, որպեսզի այդ հարցը քննարկվի ԱԺ լիագումար նիստերի դահլիճում, որը կարող է տեղի ունենալ միայն սահմանադրական փոփոխությամբ, բայց դրան պետք է գնալ, որովհետև ցանկացած դեպք, որն առնչվում է այնպիսի հարցի, որը մենք կարծում ենք, որ Էթիկայի հանձնաժողովը պետք է քննության առնի, ուրեմն առանց հատուկ որոշում ընդունելու էթիկայի հանձնաժողովը որոշում կայացնի և քննարկի նմանատիպ հարցերը»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Լրագրողի դիտարկմանը, թե ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործիքից ոչ մի անգամ չեն օգտվել մեկ տարվա ընթացքում, մշտական հանձնաժողովն ի՞նչ կարող է անել, Լիլիթ Մակունցը պատասխանեց.

«Հիմնականում առնչվում են այնպիսի դեպքերին, որոնք կարող են համարվել քաղաքական հետապնդում, մենք այդ դեպքերում ընդդիմադիր խմբակցության պատգամավորների պարագայում հրաժարվել ենք սկսել այդպիսի գործընթաց: Դա է պատճառը,  որ որպեսզի որևէ կերպ դա մեկնաբանվի ո՛չ որպես հետապնդում, ո՛չ որպես խտրական վերաբերմունք, անհրաժեշտություն է առաջանում մշտական հանձնաժողով ստեղծել, եթե անգամ պահանջվում է դրա համար սահմանադրական փոփոխություն, որը կարող է առաջարկել խորհրդարանը: Իսկ այն, որ պատգամավորներն իրենց հանրային խոսքում պետք է լինեն ծայրահեղ զգոն, աչալուրջ, միանշանակ է, հատկապես, երբ խոսքն այնպիսի արժեքների մասին է, որոնք անքննելի են»,- ասաց նա։