Բացել լրահոսը Փակել լրահոսը
82084701_410885093013786_2585052811582504960_n
A A
Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորի հեղինակած նախագծին

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։

Պատգամավորն առաջարկում էր անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից ՀՀ տարածք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող, ներմուծման պահին ավելի քան 3 տարվա, բայց ոչ ավել քան 5 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկել 10 տոկոս դրույքաչափով և անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից ՀՀ տարածք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող, ներմուծման պահին ավելի քան 5 տարվա, բայց ոչ ավել քան 10 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկել 5 տոկոս դրույքաչափով:

Նախագծով առաջարկվում է նշված տարբերակված դրույքաչափերը կիրառել 3 տարի ժամկետով: «Օրենքի նպատակն այն է, որ կայացած շուկան, այն, ինչ որ հիմա գործում է Հայաստանում, հնարավորություն տանք, որ 3 տարի ժամկետով իր աշխատանքը երկարացնի, մինչև որ ԵԱՏՄ-ի կանոնակարգով նոր տեխնիկական պահանջները տեսնենք ինչ է կատարվում։ Այսինքն՝ ԱԱՀ դրույքաչափով շուկայի պահպանումն է»,- ասաց Գուրգեն Բաղդասարյանը։

Նշենք, որ ԵԱՏՄ կարգավորումներով, 2020թ․ հունվարի 1-ից բարձրացել է մաքսային վճարները, ինչը ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողների մոտ դժգոհություններ էր առաջացրել։ Հարակից զեկուցող, Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ Կառավարությունը դեմ է այս նախագծին։

Նա ներկայացրեց այն հիմնավորումները, թե ինչու է Կառավարությունը դեմ առաջարկվող լրացումներին, դրանցից մեկի համաձայն՝ նախագծի ընդունումը ռիսկային է, որովհետև նախագծի ընդունման պարագայում ֆիզիկական անձը, որը ցանկանում է ավտոմեքենա ներմուծել Հայաստան, սահմանված կարգով կհաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր, ԱԱՀ-ի առավել ցածր դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի վճարմամբ անձնական նպատակների օգտագործման համար կներմուծի ավտոմեքենա, որից հետո սահմանված կարգով դուրս կգա հաշվառումից:

Մեկ այլ հիմնավորմամբ՝ եթե նախագիծն ընդունվի, ապա կստացվի այնպես, որ Հայաստանը կխախտի միջազգային հարթակներում ստանձնած պարտավորությունները կապված ԵԱՏՄ-ի հետ։

«Կստացվի, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների համար ավելի մեղմ պայմաններ են սահմանվում, քան ԵԱՏՄ անդամ այլ պետություններ կատարվող ներմուծումների պարագայում, որը հակադրվում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին»,- նկատեց նախարարի տեղակալը։