Բացել լրահոսը Փակել լրահոսը
82109104_515796442384935_6733616578111209472_n
A A
Քաղաքականություն

«Ոնց որ ձեռառնոցի լինի»․ Գևորգ Պետրոսյանը նախագիծը հետ է կանչում

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր բուռն քննարկումների առիթ դարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ԲՀԿ-ականներն առաջարկում են, որ եթե մարդ ցանկանում է, որպեսզի իր իրավունքների պաշտպանությամբ զբաղվի իր համար վստահելի մարդը, ապա պարտադիր չէ, որ վերջինս ունենա փաստաբանի արտոնագիր: Հանձնաժողովը միանշանակ չընդունեց օրինագիծը։

Հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանը և «Իմ քայլի» ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը վիճաբանեցին։ Վերջինս նշեց, որ նախատեսվում է, որ երկու կողմերն էլ հավասար իրավունքներով ներկայացված լինեն դատարանում, եթե այս օրենքն ընդունվի, հավասար իրավունքների մոտեցումը կորում է, փաստաբանը վարքագծի կանոնների է ենթարկվում, իսկ ոչ փաստաբանը չի ենթարկվում այդ կանոններին։ Ստացվում է, որ փաստաբանն ավելի վատ իրավիճակում է հայտնվում դատարանում:

Երկար ու բուռն քննարկումից հետո, Նիկոլայ Բաղդասարյանի ելույթի ընթացքում Գևորգ Պետրոսյանը բարկացավ և արձագանքեց․

«Սա ոնց որ ձեռառնոցի լինի, քաղաքացիական դատավարությունից հարց ենք բերում, շուռ են տալիս քրեական»,- ասաց նա ու լքեց հանձնաժողովի նիստը։

Ավելի ուշ՝ հանձնաժողովի ընդմիջումից հետո Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ նախագիծը հետ է կանչում։