Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական Հասարակություն

Եղվարդի ծննդատան հետագա աշխատել-չաշխատելու խնդրով այս պահին բանակցություններ են․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Այսօր հրավիրված ասուլիսում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսեց ծննդատներին կարգեր տրամադրելու հրամանի  մասին։ Ասաց, որ այդ նախագիծը ներկայացվել է 2018 թվականին։

Նախարարն ընդգծեց, որ սա վաղուց սկսված տրամաբանական գործընթաց է, որը շարունակական է լինելու։

«Շատ լավ է, որ մենք այնքան կարողություններ ունենք մասնագիտական, որ կարողացել ենք նման չափորոշիչներ ունենալ և վստահեցնում եմ, որ մյուս բոլոր ծառայությունների մասով ունենալու ենք այս չափորոշիչները»։

Նախարարն ընդգծեց, որ առողջապահության ոլորտում ծավալները ուղիղ կապ ունեն որակի հետ։

Ինչ վերաբերում է Եղվարդի  «Նաիրի» բժշկական կենտրոնին, Արսեն Թորսյանն ասաց, որ  Եղվարդի «Նաիրի» ծննդատան հետագա աշխատել-չաշխատելու խնդրով այս պահին բանակցություններ են իրականացնում, քանի որ վերջինս  լուծարման ենթակա միակ ծննդատունն է, որը կադրերի, սարքավորումների մասով խնդիրներ չունի և ընդունում է 100-ից ավելի ծնունդներ։

Թորոսյանը ընդգծեց, որ այս ծննդատանը նախորդ տարի 136 ծնունդ է գրանցվել, ինչը շատ մոտ է սահմանված 150 թվին․

««Նաիրի» բժշկական կենտրոնը չունի թերություններ մյուս մասերով՝ կադրերի, սարքավորումների և ծառայությունների։ Հիմա քննարկում ենք՝ արդյո՞ք չպետք է այդ ծննդատանը ինչ-որ ժամանակով նորից հնարավորություն տանք»,-ասաց Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Եղվարդի բժկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցրել էր,  որ ծննդատունը չի փակվելու, ավելին՝ վերազինվելու է և շարունակելու է գործել, նշել է, որ խնդիրը քննարկել են առողջապահության նախարարի հետ։

Արսեն Թորսյանը նշեց նաև, որ նմանատիպ բանակցություններ տարվում են նաև մյուսների հետ, որոնք ռեալ կարող են հասնել ծնունդների թվի մինիմալին։

Նմանատիպ բանակցությունները տարվում են հարյուրին մոտ ծնունդներ ընդունող ծննդատների հետ, սակայն դա առնվազն պետք է լինի պահանջ պայմանների կատարմամբ․

«Եթե չկա վիրահատարան, եթե չկա ինտենսիվ թերապիա, եթե չկա անեսթեզիոլոգ, ապա դրա մասին խոսք լինել չի կարող , քանի ճանապարհ ուզում է փակեն, դա սկզբունք է,որը միտված է մեր քաղաքացիների առողջության պահպանմանը»։

Ինչ վերաբերում է բողոքներին, թե խնդիրը միայն բուն ծննդաբերության գործընթացը չէ, կոնսուլտացիաների ժամանակ, օրինակ՝ այլ բուժհաստատություններ հասնելը խնդիր է, նախարարն ասում է, եթե ինչ որ մի համայնքում չկա տրանսպորտ, չպետք է սպասել, որ կինը հղիանա, հետո էլ կարիք ունենա բուժհաստությունից օգտվելու, որ այդ տարանսպորտի հարցը լուծենք։ նախարարի խոսքով կան համակարգային խնդիրներ, որ պետք է լուծվեն։

«Մենք առողջության առաջնային պահպանման գրեթե բոլոր կետերում ունենք կանաց կոնսուլտացիա և կարիք չկա դրա համար գնալ ծննդատուն, այդ մասով անհանգստանալու կարիք ոչ ոք չունի»։

Նախարարն ընդգծեց նաև,  որ պատրաստ են հզորացնելու շտապօգնության ծառայությունը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Նախարարը նշեց, որ փակման եզրին կանգնած ծննդատների հարցը կորոշվի մի քանի օրից։

Ինչ վերաբերում է կադրերի զբաղվածության խնդրին նախարարն ասաց․

«Բուժհիմնակներում հաճախ աշխատում են մասնագետներ, ովքեր մի քանի ֆունկցիա  են կատարում, մենք պատրաստ ենք քննարկել նրանց այլ ձևով զբաղեցնելու հարցը։ Օրինակ՝ մանկաբարձների համար կարելի բուժքույրական ծանրաբեռնվածություն ապահովել, բայց որևէ մեկի ծանրաբեռնվածության հարցը չի կարող հակասել կյանք փրկելու սկզբունքին»,- ընդգծեց նախարարը։