Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ծննդյան վկայականում պետք է գրվի՝ մարդը ինչ սեռի է․ կարող է ցանկանա իր սեռը դավաճանի․ Գ․ Պետրոսյան (տեսանյութ)

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Օրինագծի հեղինակ Արմեն Եղիազարյանն առաջարկում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 08-ի ՀՕ-9-Ն օրենքի 23-րդ հոդվածի (ա) կետը «ազգանունը,» բառից հետո լրացնել «սեռը» բառով:

Նշենք, որ նշված լրացմամբ նախատեսված տեղեկությունը դասվում է Օրենքի 23-րդ հոդվածում նախատեսված այն տեղեկությունների շարքին, որոնք պետք է նշվեն ծննդյան վկայականում՝ անկախ ծնողների փոխադարձ համաձայնությունից և ցանկությունից:

Մինչդեռ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ « Ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ եւ ցանկությամբ` նաեւ ազգությունը, սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակ»:

Այսինքն՝ գործող կարգավորմամբ երեխայի սեռի՝ ծննդի ակտի գրառման մեջ լրացնելը կախված է ծնողների փոխադարձ համաձայնությունից և ցանկությունից: Նախագիծը խորհրդարանական 3 ուժերի ներկայացուցիչների հավանությանն արժանացավ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց․

«Այո, ծննդյան վկայականում պետք է գրվի, թե մարդը ինչ սեռի է, որովհետև վաղը, մյուս օրը, էդ մարդը կարող է ցանկանա իր սեռը դավաճանի, որ գոնե իմանանք էդ մարդը դավաճան է, եթե սեռը չեք գրում, ինքը կարող է ձեզ խաբել, որ՝ ես տղա եմ կամ աղջիկ, ես ընդունում եմ նախագծի անհրաժեշտությունը»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

Ի տարբերություն մյուս նախագծերի քննարկմանը՝ այս անգամ Պետաիրավական հանձնաժողովում մթնոլորտը հանգիստ էր։ Նախագծի քննարկմանը պատգամավորները սկսեցին հումորներ անել։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ կան անուններ, օրինակ՝ Կարեն անունը անգլիախոս երկրներում՝ օդանավակայականներում լուրջ խնդիրներ է առաջացնում, որովհետև այն կնոջ անուն է։ Ի լրումն, ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն էլ նկատեց․

«Նիկոլ անունը և՛ կնոջ անուն է, և՛ տղամարդու»։ Նախագիծը դրվեց քվեարկության, այն դրական եզրակացություն ստացավ։