Շատ դեպքերում հանրության մոտ բարձր եկամուտ ունեցողի նկատմամբ որոշակի վերապահում կա․ Դավիթ Անանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2020թ․ պետական բյուջեով պարգևավճարների համար նախատեսված է 5,8 մլրդ դրամ։ Նախորդ տարի պարգևավճարներին հատկացվող գումարը 5 մլրդ էր։ Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքվեցին, թե թվի ավելացման վերաբերյալ կարծես մեծ աղմուկ չեղավ, ինչո՞վ է սա պայմանավորված, հասարակության հետ երկխոսության արդյո՞ւնք է։
Ի պատասխան Դավիթ Անանյանն ասաց․ «Մենք հանրության հետ երկխոսելու և հանրությանը որոշ մտքեր ասելու անհրաժեշտություն ունեինք։ Շատ դեպքերում հանրության մոտ բարձր եկամուտ ունեցողի նկատմամբ որոշակի վերապահում կա, դա լավ ճանապարհ չէ և լավ տեղ չի տանում։ Մենք Կառավարության հետ կարողացանք, որովհետև դա միայն ՊԵԿ-ի խնդիրը չէր, դրան անդրադարձավ նաև վարչապետը, այլ գերատեսչությունների մեր գործընկերները, որ եթե մենք ուզում ենք պրոֆեսիոնալ անձնակազմ ունենալ, մենք գոնե այդ անձնակազմի և ոչ մասնավոր հատվածի միևնույն մասնագիտության մեջ ֆինանսական մրցակցություն կարողանանք ապահովել։ Հարկային մարմնի ստորաբաժանումներն այնքան բազմազան են, որ շատ դեպքերում բաժնի պետը, վարչությանը պետը, նրա տեղակալը մասնավոր հատվածում պատրաստի ֆինանսական տնօրեններ են, պատրաստի գլխավոր հաշվապահներ են։ Իսկ այս մասնագիտությունների տեր մարդիկ բավականին պահանջված են և նրանք բարձր են վարձատրվում։ Հիմա մենք ունեին ընտրություն կամ արժանի վաստակի չափ պետք է ապահովեինք, որպեսզի արհատոսք չլիներ, իսկ արտահոսք եղել է»,- հայտնեց ՊԵԿ նախագահը և հավելեց, որ 2019թ․-ի ընթացքում ՊԵԿ-ից 967 հոգի աշխատանքից ազատվել է, մի մասը սեփական դիմումի համաձայն, մի մասը կրճատումների արդյունքում և այլ պատճառներով։
Դավիթ Անանյանի խոսքով՝ մոտ 600 աշխատակից էլ կրկին աշխատանքի են ընդունել։
«Հիմա հանրության մոտ ընդգծված սուր քննադատական խոսք չկա զուտ այն պատճառով, որ հասարակությունը սկսել է հասկանալ Կառավարությանը, որ անձը, որը որոշումներ կայացնելու իրավասություն ունի, նա այնպիսի վաստակ պետք է ունենա, որ միայն ճիշտ որոշումներ կայացնելու մասին մտածի»,- նշեց Դավիթ Անանյանը։
ՊԵԿ նախագահի համոզմամբ՝ եթե աշխատողն ունի իր կատարած աշխատանքին համարժեք վարձատրություն, ապա նրա՝ կոռուպցիոն որևէ գործարքի մեջ թաթախվելու հավանականանությունը քիչ կլինի։
Լրագրողները հետաքրքվեցին նաև 2019թ․ դեկտեմբերին Մաքսային ծառայության 6 պաշտոնյաների ձերբակալությունից։ Հարցին, թե ձերբակալվածները նախորդ իշխանության կողմից նշանակված մարդի՞կ են, թե՞ այս, Դավիթ Անանյանը հստակ պատասխան չտվեց, պատճառաբանելով, թե իրենց համար նշանակություն չունի՝ ում կողմից են աշխատանքի ընդունվել։ Դիտարկմանը, թե մաքսային ծառայության աշխատակիցների կողմից կաշառք վերցնելը պարգևավճարների ֆոնին անարդյունավե՞տ չէ, ՊԵԿ նախագահը կարևորեց միջին վիճակագրական արժեքային համակարգ ունեցող անձի տեսակը, որն ըստ նրա՝ այդ պարագայում կա՛մ դեռևս ձևավորված չէ, կա՛մ հեռու է դրանից, և հետևաբար եկամուտը որևէ կերպ չի կարող օգնել։
Հիշեցնենք, որ ըստ ՊԵԿ հաղորդագրությամբ՝ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2019թ. հուլիսից Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք, նույն հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով, նախնական համաձայնության են եկել մի շարք քաղաքացիների հետ:
Մասնավորապես` նրանց օգտին ՀՀ ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպման հարցերի հետ կապված իրենց լիազորությունների շրջանակում կատարել են ակնհայտ ապօրինի գործողություներ, ինչպես նաև անգործություն են ցուցաբերել իրենց վերապահված մաքսային հսկողության գործառույթների նկատմամբ: Այս ամենի դիմաց քաղաքացիներից պարբերաբար ստացել են տարբեր չափերով կաշառք: