Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Դեպի Եվրոպա ունենալու ենք 16-17 չվերթ․ Տաթևիկ Ռևազյան (տեսանյութ)

«Նոր ուղղությունների համար որոշել ենք օդի տուրքը հանել, և դա իրականում շատ մեծ ազդեցություն է ունեցել»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը` հավելելով, որ եթե մինչ օրս դեպի Եվրոպա ունեցել ենք 6-7 չվերթ, այս փոփոխությունից հետո ունենալու ենք 16-17 չվերթ։

«2020 թվականին շատ լուրջ հոսքեր ենք սպասում։ Դա կապված է նաև նրա հետ, թե ինչքան են Հայաստանի մասին գրում միջազգային մամուլում։ Շատ լավ կլինի, որպեսզի մենք էլ, որպես ՀՀ քաղաքացիներ, կարողանանք Եվրոպա այցելել ուղիղ չվերթներով, ավելի հարմար ժամերով և էժան գներով»։

Ռևազյանը հույս հայտնեց, որ այս տարի զբոսաշրջիկների մեծ հոսք կուղղվի Հայաստան, ինչն էլ կնպաստի տնտեսության զարգացմանը։ Վաղը նախատեսվում է, որ RyanAir-ն առաջին չվերթը կիրականացնի: Ռևազյանը տեղեկացրեց, որ կարող է փոքր խնդիր առաջանալ, քանի որ Իտալիայում գործադուլ է, լինելու է ժամային փոփոխություն, բայց վստահեցրել են , որ չվերթն իրականացվելու է։

Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հայտարարությանը, որով կոմիտեն խորհուրդ էր տվել դիտարկել Իրաքի և Իրանի օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը, Ռևազյանն ասաց, որ եթե վտանգ չլիներ, նման հայտարարություն չէին անի, և իրենք պարտավոր են հնարավոր ռիսկի մասին հայտարարել, մնացածը որոշելու է ավիաընկերությունը, քանի որ ավիաընկերությունն է թռիչքային անվտանգության պատասխանատուն։

Ռևազյանը նաև տեղեկացրեց, որ առաջարկները ստացել են միջազգային կազմակերպություններից , որոնց հետ սերտ համագործակցում են։