Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչապետն առաջարկում է մարդկանց հնարավորություն տալ տեսանկարահանել ՀԴՄ կտրոն չտրամադրելու գործընթացը (տեսանյութ)

«Մենք շարունակում ենք ահազանգեր ստանալ, որ ՀՀ-ում շատ տարածված կերպով շարունակում են հսկիչ դրամարկղային կտրոններ չթողարկել»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարեց  Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց՝ ՊԵԿ նախագահի հետ քննարկել են մի գաղափար, որով ինչպես հիմա քաղաքացիների նկարահանումների հիման վրա ՃՈ-ն կարող է վարչական վարույթ սկսել, նույն կերպ հնարավոր լինի վարույթ հարուցել քաղաքացիների՝ տնտեսվարողների ՀԴՄ չտրամադրելու պահը փաստող տեսանկարահանումների հիման վրա․

 «Ես կարծում եմ՝ սա ճիշտ ճանապարհ է, սակայն իրավաբանները պետք է եզրակացություն տան, թե ինչքանով է այս գաղափարը հակասում է մեր կարգավորումներին, բայց պետք է գնանք այդ ճանապարհով, որովհետև խոսքն ազգային հարստության մասին է»։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ի պատասխան ասաց, որ դատարաններում ՀԴՄ կտրոն չտալը ապացուցել չի լինում․

 «Տնտեսվարողը հանգիստ ասում է՝ ինձ մոտից գնում չի արել, և ազատվում է պատասխանատվությունից»։

Նախարարն  ասաց, որ քաղաքացու կողմից տեսանկարահանման գործընթացը կարող է խնդրահարույց լինել։

Վարչապետն էլ արձագանքեց, որ քաղաքական խնդիր է առաջ քաշում, որի համար պետք է գտնվեն լուծումներ․

«Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել, եւ վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ և տուգանվել: Մենք այս խնդիրը պետք է լուծենք։ Մենք այսօր ասում ենք՝ չի կարելի ծխախոտ նետել, աղբը նետել մեքենայից, այս անել, այն անել, բայց այն քաղաքացին, որի աչքի առաջ դա տեղի է ունենում, ինքը գործելու լծակ չունի»։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ևս նշեց, որ այս գործընթացը կարող է խնդրահարուց լինել, սակայն իրենք կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։

Վարչապետն արձագանքեց, որ բացարձակ իրավունք գոյություն չունի, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ նշեց, որ բացարձակ է խոշտանգումից ազատ լինելու իրավունքը․

 «Այո, եւ մենք բոլորս պետք է այդ ՀԴՄ-ի խոշտանգումից ազատ լինելու իրավունքից լիարժեք օգտվենք»,-արձագանքեց վարչապետը՝ հավելելով՝ 

«Կառավարության աշխատողը մեքենան կայանել է, ծխախոտը շպրտել է մեքենայից դուրս: Ես գիտեմ, թե ինչ կանեմ այդ աշխատակցի հետ, բայց քաղաքացին ինչ անի։ Բայց վարչապետը չպետք է պատուհանից նայի, տեսնի, թե ով ինչ արեց»,- կառավարության նիստում ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ օրենսդրական փոփոխություններ են պետք անել։