Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-57pY5zlf2Y
A A
Հասարակություն

Երազանքին չդավաճանելով.  «Ա1+»-ի հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը տոնում է 70-ամյակը

Մեկի համար հեռուստացույցը պարզապես արկղ է, որն եթե անգամ օրերով չի միացվում, տան պարտադիր իրերի շարքում է։ Մյուսի համար հեռուստացույցը , բառի ամենաուղիղ իմաստով,  տուն է։

Ուժեղ կամք, չմարող սեր ու մեծ երազանք պետք է ունենալ, որ կարողանաս այնպես «մտնել» այդ արկղը, որ խաղի կանոնները փոխես,  նոր դիմագիծ եւ չմոռացվող երանգ ավելացնես գունավոր այդ արկղում։

Հեռուստատեսությունը սիրող, հայկական  հեռուստատեսության նվիրյալ եւ անկախ Հայաստանի հեռուստադիտողին 1991թ.-ին  «Ա1», նույն՝ «Ա1+»-ը , նվիրած մարդն այսօր դառնում է 70 տարեկան։

Մի զարմացեք, խոսքն, իրոք, Մեսրոպ Լեւոնի Մովսեսյանի, ինչպես հեռուստաընկերության հին աշխատակիցներն ու ամենամոտ ընկերներն են դիմում՝ Մելսի մասին է։ Դուք ճիշտ եք՝ նրա տարիքը չի երեւում, մենք էլ զարմացանք։ 

Հանրային, նախկին՝ պետական հեռուստաընկերությունը Մեսրոպ Մովսեսյանի ծնողն է, որտեղից սկսել է իր կարիերան, «Ա1+»-ը՝ երեխան, որին ամեն կերպ փորձել են խլել նրա ձեռքից՝ ինչպես , օրինակ, 2002թ.-ին եթերազրկելով։

Ասում են՝ «շեֆը միշտ ճիշտ է», մեր «շեֆն» էլ, բայց «Ա1+»-ի ղեկավարը  լսում է, չի մերժում, երբ բոլոր հիմքերը կան մերժելու, պատեհ–անպատեհ չի ասում, որ ինքն է «շեֆը», առաջինն ինքն է աշխատանքի գալիս, իսկ երբ պետք է շուտ գնա, զգուշացնում, անգամ ներողություն է խնդրում իր աշխատողներից, սովորեցնում է, չի պարտադրում, համբերատար սպասում է։ Բայց խորհուրդ չենք տա նրա համբերությունը եւ վստահությունը չարաշահել... (Սա իմացեք բոլոր դեպքերում)։

Մեսրոպ Մովսեսյանը այնքան շատ է սիրում  «Ա1+»-ը, որ նրան ստեղծել է իր իսկ ծննդյան օրը։  Ուզեք, թե չուզեք եթե դուք այսօր խմում եք Մեսրոպ Մովսեսյանի կենացը, ապա բաժակ եք բարձրացնում նաեւ «Ա1+»-ի համար։ Դե, կռահեցիք, այսօր  ով շնորհավորի Մեսրոպ Մովսեսյանին,  եթերի վերականգնում է մաղթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ կապուղուց զրկված «Ա1+»-ին։

«Ա1+»-ի աշխատակազմը շնորհավորում է Մեսրոպ Մովսեսյանին՝ մաղթելով առողջություն, հաջողություն, նպատակների իրականացում։

Հետգրություն

Հարգելի Մեսրոպ Մովսեսյան, ներողություն ենք խնդրում, որ այս նյութը կայքում տեղադրում ենք առանց Ձեզ տեղեկացնելու. առաջինը՝  թույլ չէիք տալու՝  համեստաբար չցանկանալով ուշադրության կենտրոնում լինել,  երկրորդը...

Բայց մենք  ունենք հիմնավորում՝ օգտվում ենք Ձեր կողմից  մեզ լիարժեք տրամադրված ազատությունից՝ էթիկայի կանոնները չխախտելու պայմանով։

Երկրորդի՞ մասին... Ասելու էիք՝  «Ա1+»-ի ծնունդն է, «Ա1+»-ցիներին պետք է շնորհավորել։  Ինչպես ասում եք՝  այդ , իրոք, նշելու առիթ է։

Հին ու նոր «Ա1+»-ցիներ,  շնորհավոր մեր սիրելի հեռուստաընկերության 29-ամյակը։