Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134237
A A
Հասարակություն

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել (լրացված) (տեսանյութ)

Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ՍԴ շենքում։

Միաժամանակ շենքի դիմաց հավաքվել են Թովմասյանի աջակիցները։ Նրանց թվում են Արդարադատության նախկին նախարար իրավաբան Դավիթ Հարությունյանը, ՀՅԴ գործիչ, իրավաբան, քաղաքական գործիչ Արծվիկ Մինասյանը, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, փաստաբան, իրավաբան Արսեն Բաբայանը, քաղաքագետ Տիգրան Քոչարյանը, «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր, իրավաբան Գարեգին Պետրոսյանը, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, իրավաբան Էլինար Վարդանյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտկառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Քաղաքացիական Գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը, «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, «Ռազմիմֆո» ռազմական վերլուծական կայքի հիմնադիր Կարեն Վրթանեսյանը, ՎԵՏՕ նախաձեռնությունը և այլք։ 
 
Ռուբեն Մելիքյանի համար կասկածելի է, որ երեկ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դատավորներին կենսաթոշակի ուղարկելու օրենքի ստորգրումից հետո կրկին սկսվեցին քննչական գործողությունները ՍԴ նախագահի սանիկի հետ կապված։
 
Ռուբեն Մելիքյանն ասում է՝ ՍԴ-ն սկսել է ընկալվել որպես քաղաքական իշխանությունից անկախ մարմին.
 
«Այդ պատճառով կարևոր ենք համարում բազմամարդ ներկայությունն այստեղ»: Ըստ իրավապաշտպանի՝ իշխող քաղաքական ուժը Սահմանադրական դատարանի նկատմամբ ցանկանում է հաստատել վերահսկողություն։ 
 
Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։
 
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողը քաղաքական է։
 
Նա ասաց, որ իրեն մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ 
 
Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):