Պետությունից 30 հազար դրամ են ակնկալում, հետո ամիսը 700 հազար վարկ են փակում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր Կառավարության նիստում առաջարկեց նախագիծ, որը ընդունվեց միաձայն։
Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներին աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակ տրամադրել նպաստ։ Սակայն պայմանով՝ եթե անձը հրաժարվի 2 հարմար աշխատանքների առաջարկից, տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նպաստի իրավունքի կորստին։
Նախագծով առաջարկվում է փոփոխությունը ուժի մեջ մտցնել 2020 թվականի ապրիլի մեկից, այն կվերաբերի համակարգ մուտք գործելու համար նոր դիմող կամ նորից փաստագրվող քաղաքացիներին։
«Առաջարկվում է սահմանափակել սոցիալապես որևէ խումբ չունեցող քաղաքացիների՝ պետական նպաստի համակարգում ընդգրկվելու հնարավորությունը, սոցիալական աջակցությունն ուղղելով կարիքավոր խմբերին։ Ինչպես նաև ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչներին ավելացնել ևս մեկը, այն է՝ վարկային պարտավորությունների գծով ամսական միջինը 100 հազար դրամ և ավելի հանգամանքը հաշվի առնելը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն տալով ներկայացված նախագծին, նշեց․
«Եթե մարդը ամիսը վճարում է 100 հազար և ավելի վարկ, վարկային միջոց է փակում։ Այսօր ՀՀ-ում նպաստ ստացող ունենք, որ ամիսը 1 մլն, 800 հազար դրամ վարկ է փակում։ Այսինքն պետությունից որպես անապահով ակնկալում են 30 հազար դրամ, հետո ամիսը 700 հազար դրամ վարկ են փակում, Բրաբուս ավտոմեքենա է առել և վարկ է փակում։ Սա նշանակում է՝ մենք լուծում ենք հասցեականության խնդիրը, սա կարևոր խնդիր է, որ մասին մեկ տարի շարունակ խոսում ենք»,- ասաց նա։