A
A
Սմբատ Բարսեղյանը չի կրակել Վանոյանի ուղղությամբ. Արեգ Կյուրեղյան
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանում ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի հարցաքննությունը։ Նրան հարցեր է տալիս նրա փաստաբան Գիգրան Եգորյանը. «ինչպե՞ս մտաք շենք և ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ վնասվածքներ է ստացել»։ Փաստաբանը հստակեցրեց, թե «Կռազ»-ով գնդի տարածք մտնելուց հետո ի՞նչ է արել Կյուրեղյանը։
«Շարժվել եմ դեպի վերև։ Էական բան չկա, որ կարող եմ ասել», - նշեց Կյուրեղյանը։
Հարցին թե ո՞ւմ է հանդիպել, ի՞նչ հանգամանքներում, «Սասնա Ծռեր» - ի անդամը պատասխանեց, որ հանդիպել է երկու ոստիկանի, որոնց դեմքերի չի հիշում։ Նրանցից մեկը վիրավոր էր, հարցրել է, թե միայն թե՞ւն է վիրավոր։ Իսկ վիրավոր ոստիկանի հետ եղած ոստիկանը շապիկը պատռել է և կապել վիրավորի թևին։
Կյուրեղյանն ասաց, որ հետո քայլել դեպի շենքերը, սակայն չի հիշում ինչ հերթականությամբ որ շենքը։ Կյուրեղյանն ասաց, որ որևէ մեկին վնասելու նպատակ չեն ունեցել, ցանկացել են զենք ունեցողներին զինաթափել, ինչպես նաև պատանդ պահելու որևէ նպատակ չեն ունեցել։
Եգորյանի հարցին, թե ինչպես է որոշվել բաց թողնել գնդի ներսում գտնվողներին, Կյուրեղյանը պատասխանեց, որ բաց թողնման ընթացակարգերի չի տիրապետել, սակայն որոշում է եղել բոլորին միմյանց հետ բաց թողնել։
Իսկ թե ինչպե՞ս են խմբի վերահսկողության տակ մնացած անձինք դուրս եկել, ո՞վ է դիմավորել, Կյուրեղյանն ասաց, որ տեղյակ չէ։
«Հենց սկզբից ոստիկանության բոլոր աշխատակիցներին կոչերով, բաներով. «Դրե՛ք զենքերը», «Էդ ռեժիմը ձեր դեմ էլ է աշխատում»», - ասաց Կյուրեղյանը՝ նշելով, թե ինչ են ասել ոստիկաններին գնդի գրավման ընթացքում։
Մի մասը, ըստ Կյուրեղյանի, փախել են գնդից. «Պատից էին թռնում։ Մեզ չեն են հետաքրքրել փախչող ոստիկաններին բռնել-չբռնելը»։ Պարեկապահակային գնդի գրավման ժամանակ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ հարցերին Կյուրեղյանը չպատասխանեց. թե ե՞րբ է իմացել մահվան մասին և այլն։ Հարցին, թե տեղյա՞կ է Վանոյանի մահվան հանգամանքների մասով Սմբատ Բարսեղյանի մասնակցության մասին, Կյուրեղյանն ասաց, որ Բարսեղյանը գնդի գրավման ընթացքում վիրավորվել է։ «Սմբատ Բարսեղյանը չի կրակել Վանոյանի ուղղությամբ», - ընդգծեց Կյուրեղյանը։
Եգորյանի հարցին, թե Բարսեղյանի հետ խոսել է վիրավորման հանգամանքների մասին, Վանոյանը վրա կրակելու մասին, թե ով է վիրավորել, Կյուրեղյանն ասաց, որ այդ մասին խոսակցություն իրենց միջև չի եղել։
Կյուրեղյանը նշեց, որ իրենց վերահսկողության տակ եղած որոշ ոստիկաններ լացելով են իրենց մոտից գնացել և մեկն էլ նշել է, թե կիսում է խմբի գաղափարները այդ ժամանակվա իշխանությունների վերաբերյալ, որ եթե իրենց բաց թողնեն, ապա «Սասնա Ծռեր» կսպանվեն իշխանությունների կողմից, որոշները սրտացավ են եղել «Ծռերի» հանդեպ։ Կյուրեղյանի խոսքերով՝ նախկին իշխանությունները փորձել են «Ծռերի» հարազատներին պահել որպես պատանդ, սպառնացել են ճնշում գործադրել, և դա հնարավոր է ճշտել հեռախոսազանգերի վերծանմամբ։
Կյուրեղյանի հարցաքննության ընթացքում նաև անդրադարձ եղավ գնդի գրավման ընթացքում հնչած կրակոցներին։ «Սասնա Ծռեր»-ի անդամն ասաց, որ իրենց վրա կրակել են տարբեր ուղղություններից, սակայն ինքը և խմբի այլ անդամներն, իրենց ուղիղ նշանառության տակ ունենալով հարյուրավոր ոստիկանների, չեն կրակել նրանց վրա։ Նրա խոսքերով՝ որոշված է եղել չկրակել որևէ մեկը վրա։
Բացի այդ, նա ասաց, որ գնդի գրավումից հետո՝ 2016-ի հուլիսի 29-ին, ոստիկանական ուժերը հարձակման փորձ են արել, իսկ խմբի նպատակն է եղել ուղղակի գրոհը կասեցնելը։ Նշեց նաև, որ ուժերը հաջողության չն հասել և ուժերի հետ միասին գրոհին մասնակցած ԲՏՌ-ին չի հաջողվել մտնել գնդի տարածք, քանի որ անհրաժեշտ աջակցություն չի ստացել։
Գրավման փորձը, ըստ Կյուրեղյանի, եղել է Սարի թաղի դեպքերին զուգահեռ, երբ ժողովուրդը փորձել է միանալ իրենց։ «Դիպուկահարներով և տարբեր տեսակի զենքերից կրակում էին», - նշեց Կյուրեղյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ պատասխան կրակել է, սակայն միայն հարձակումը կասեցնելու նպատակով և ոչ թե ինչ-որ մեկին վիրավորելու։