Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0563
A A
Հասարակություն

Նազիկ Ամիրյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Հայաստանի Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Ամիրյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ 
 
Միջնորդությունը ներկայացնելու հիմքը, ըստ Գրիգորյանի, այն է, որ Մանվել Գրիգորյանի գործից Նազիկ Ամիրյանի գործն անջատելով՝ Մարտիրոսյանն անմիջապես նիստ է նշանակել, որը դատավորի անաչառությանը կասկածելու հիմք է տվել։ Պաշտպանի խոսքերով՝ նիստերի անցկացումը մակագրվում է էլեկտրոնային համակարգով, սակայն Մարտիրոսյանն արդեն իսկ իմացել է, որ ինքն է նախագահելու նիստը, ինչն էլ պատճառ է դարձել կարծելու, որ մարդկային գործոն է եղել մակագրման գործընթացում։ 
 
Ի պատասխան պաշտպանի ելույթին՝ դատավոր Մարտիրոսյանն ասաց, որ եթե դատավորի նախագահությամբ գործից մեկ այլ գործ է անջատվում, ապա գործը դատավորների մակագրման չի տրվում, այլ շարունակվում է մնալ նույն դատավորի վարույթում։ 
 
Սակայն պաշտպանը հակադարձեց, որ «Դատալեքս» համակարգում նշանակված նիստի օրը Մարտիրոսյանին մակագրված նիստ չի եղել, դատավորը չի եղել պատշաճ դատարան, և իր վարույթում Նազիկ Ամիրյանի գործը չի եղել։ 
 
Նազիկ Ամիրյանը նույնպես նշեց, որ կասկածներ ունի առ այն, որ մակագրման գործում մարդկային գործոն է եղել։ 
 
Դատախազ Վահե Դոլմազյանը դեմ արտահայտվեց միջնորդությանը՝ նշելով ինքնաբացարկի հիմքերը բացակայում են։ 
 
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ։ Ավելի ուշ որոշումը հրապարակվեց։  Դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը։
 
Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը դատարանին միջնորդություն ներկայացնեց Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի քրեական գործերն իրար միացնելու վերաբերյալ, սակայն դատավորն ասաց, որ այն թողնում է առանց քննարկման։ Դատարանն անցավ գործով ապացույցների հետազոտմանը։
 
Դատական նիստը հետաձգվեց. հաջորդը նշանակվեց 2020 թվականի հունվարին։ Փաստաբանը ցանկանում է բացարկի միջնորդություններ ներկայացնել դատախազ Վահե Դոլմազյանին և նախագահող դատավորին։
 
«Դատաքալեքս» համակարգում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։