Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինձ էլ է հետաքրքիր իմանալ, թե որքանով է հայկական ազգանունս. Խատիա Բունիաթիշվիլի (տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, համաշխարհային աստղ, հմայիչ, խարիզմատիկ, վիրտուոզ դաշնակահար Խատիա Բունիաթիշվիլին հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

«Ընդամենը մեկ փորձ ունեցանք և իսկույն  ընդհանուր «լեզու» գտանք։ Տաղանդավոր նվագախումբ է։ Երաժիշտները շատ արագ ըմբռնում են մենակատարին, դիրիժորին և շուտ կարողանում են ադապտացվել։ Սա խոսում է բարձր պրոֆեսիոնալիզմի մասին»,- ասաց վրացական արմատներով ֆրանսիացի դաշնակահարուհին «Ա1+»-ի հետ զրույցի ժամանակ։

Ինչ վերաբերում է Բունիաթիշվիլի ազգանմանը, որ շատերը հայկական հետք են փնտրում, Խատիան ժպիտով պատասխանեց, որ իրեն էլ հետաքրքիր կլիներ տեղեկանալ այդ մասին։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի խոսքով, Խատիայի կատարումը  շատ ինքնատիպ է, նուրբ, բայց միևնույն ժամանակ՝ համարձակ։

«Բեթհովեն կատարելը շատ լուրջ չափանիշ է, համամարդկային չափանիշ է և երբ տեսա Խատիայի կատարումը, հասկացա, որ բացի գեղեցիկ լինելուց, նաև բարձր պրոֆեսիոնալիզմի տեր դաշնակահար է։

Այսօր Խատիա Բունիաթիշվիլիի կատարմամբ կհնչի Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրային երկրորդ կոնցերտը։ Այս համերգով էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կամփոփի տարին։

Ի դեպ համերգը հնարավոր դարձավ «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի շնորհիվ։