Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դիմորդների 90%-ն ընդունվում է, սենց ո՞նց կլինի․Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի համաձայն՝ 2017-2018 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվում է բացառապես անվճար ուսուցման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարեկան հատկացված տեղերին համապատասխան՝ մրցութային կարգով:

Նախագծերի համահեղինակներ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը և «Լուսավոր Հայաստան»-ից Հարություն Բաբայանն առաջարկում են, որպեսզի նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվի ոչ միայն անվճար ուսուցման համակարգով, այլև վճարովի համակարգով։

Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա առավել նպատակաուղղված և աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան անվճար ուսուցմամբ տեղեր հատկացնել, իսկ վճարովի ուսուցմամբ մատուցվող ծառայությունները հնարավորություն կտան ուսումնական հաստատություններին ձևավորել որոշակի բյուջե` այն կանոնադրական նպատակներով օգտագործելու համար:

Կառավարությունը դեմ է այս նախագծերի փաթեթին։ Ըստ Կառավարության դիրքորոշման՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթությամբ 19 տարեկանը չլրացած սովորողների համար չի կարող սահմանվել վճարովի կրթության հնարավորություն:

Նախագծերի հարակից զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններից կեսում վիճակը ողբալի է։

«Պարոն Հայրապետյան, երբ ասում եք, որ հազարներով դուրս են մնում, այո հազարներով պետք է դուրս մնան։ Պետությունը պետք է սահմանի, տվյալ շուկայի համար ինչքան մասնագետներ պետք է պատրաստի»,- ասաց նախարարը։

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ կա ոլորտներ, որոնց մասնագետները շատ են, օրինակ՝ հաշվապահները, բուժական գործի մասնագետները, ՏՏ ոլորտի և տուրիզմի մասնագետները։

«Մենք ընդհանրապես պետք է գնանք բուհական տեղերի զգալի կրճատման, անցյալ տարվա թվերն ասեմ՝ դիմորդների 90%-ն ընդունվում է, սենց ո՞նց կլինի։ Փոխարենը կոնկուրսը բարձրացնենք, դուք սրանով խրախուսում եք, որ կոնկուրսը ջախջախվի և կոնկուրս չլինի ո՛չ միջին մասնագիտական հաստատություններում, ոչ էլ բուհերում, այսինքն ով ուզի ընդունվի, էդպես չի լինում»,- նկատեց Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։