Բացել լրահոսը Փակել լրահոսը
PN
A A
Հասարակություն

Կծկվել ենք 15 քառակուսի մետր մի տեղում, մինչև տենանք՝ վերջն ինչ է լինում․ զինթոշակառուն հացադուլ է հայտարարել (տեսանյութ)

Զինթոշակառու, 5 երեխայի հայր, ենթասպա Մխիթար Ալումյանը դեկտեմբերի 10-ից Պաշտպանության նախարարության շենքի մոտ է. հացադուլ է հայտարարել։

«2018 թվականի նոյեմբերից գալիս-գնում եմ Պաշտպանության նախարարություն։ թե՛ աշխատանք եմ խնդրում, թե՛ բուժման հետ կապված․ լյարդս է մեծացել, առողջական խնդիրներ ունեմ, շաքար, ճնշում։ Օգնության համար եմ եկել, տեսա՝ շատ են ձգձգում, ոնց որ մարդու ձեռք առնեն, ասեցի՝ «Ձեզանից ոչինչ չեմ ուզում, խնդրում եմ` տվեք իմ երեխաներին հասանելիք տունը, քանի որ ես տուն չունեմ, ոչ մի բան չունեմ»»,- ասաց Կոտայքի մարզի Քաղսի համայնքի բնակիչ Ալումյանը։

Զինթոշակառուն նշեց, որ 2019 թվականի մայիսին, երբ հացադուլ է արել և նախարարության գլխավոր անցակետում մայիսի 23-ի գիշերը քնած է եղել ներսում, գիշերն իրեն է մոտեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ 

«40 րոպե իրար հետ խոսելուց հետ իրար հասկացանք։ Ինքն ասաց՝ «Տան հարցն ընդհանրապես պրոբլեմ չի, մի երեք օրվա հարց ա»։ Խոստացավ Երևանի էլիտար թաղամասում տուն»,- պատմեց նա։ Ալումյանի խոսքերով՝ ինքն առաջարկել էր Տոնոյանին տրամադրվելիք մեծ տան փոխարեն՝ իր ընտանիքի նման ևս 5 ընտանիքի ավելի փոքր տներ տրամադրել։ 

Ալումյանը նշեց, որ իրեն հետո նախարարությունից Հրազդանում են 5 սենյականոց տուն էին առաջարկել, ինչին ի պատասխան` ինքն առաջարկել էր, որ գյուղում բնակարան տրամադրեն՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու, որպեսզի թոշակի հետ մեկտեղած կարողանար ապրուստի միջոցները հոգալ։  Զինթոշակառուն նշեց, որ իր տունը քարուքանդ վիճակում էր, և ՊՆ-ի համաձայնության էր եկել վերանորոգման համար։ 

Սակայն որոշ ժամանակ անց, տեսնելով, որ վերանորոգումը չի իրականացվում, հոկտեմբերին Ալումյանը կրկին եկել էր Պաշտպանության նախարարություն, որտեղ տեղեկացվել էր, թե վերանորոգումն ավելի թանկ կարժենա՝ առաջարկ ստանալով 40 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում տուն գտնել, որպեսզի այն ՊՆ գնի։ Այնուհետև Ղալումյանն Աշտարակ քաղաքում, մոտակա գյուղերում 35-40 հազար դոլարի սահմաններում բնակարաններ էր գտել և կրկին եկել նախարարություն գումարը վերցնելու և տներից մեկը գնելու համար։

Ասում է՝ Պահեստազորի ենթասպային ասել էին, որ հաջորդ օրը գա պատասխանի ետևից։ Այդ օրն արդեն, ըստ Ալումյանի, իրեն էր հանդիպել Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը և ասել․ «Մխիթա՛ր, լավ է` գումարը չենք փոխանցել, անօրինական գործարք է, քեզ ոչ մի ձև չի հասնում»»: 

 

Մանրամասները՝ տեսանյութում։