Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչապետն ամփոփեց ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները (տեսանյութ)

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մամուլի համար հայտարարությամբ հանդես եկան։

Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2019թ.-ին ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը, նշեց, որ ակնհայտ է, Հայաստանի նախագահությունը արդյունավետ է եղել՝ արտաքին տնտեսական կապերի զարգացման հարցերի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը որպես օրինակ բերեց 2019թ. հոկտեմբերի 27-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը, որը ԵԱՏՄ երկրներն ու Իրանը ստորագրել էին 2018 թ. մայիսի 17-ին Աստանայում տեղի ունեցած տնտեսական համաժողովին։

ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը՝ 2019թ․ հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Ինչպես նաև ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի, ԵԱՏՄ երկրների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագրերի կնքումը։

«Ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք նպաստում են մեր երկրների միջև համագործակցության խորացմանը և ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործմանը: Հավանության է արժանացել Միության էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագիրը, հաստատվել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, գործարկվել է եվրասիական ցանցի առաջին թվային նախագիծը, և առաջընթաց է գրանցվել ոսկերչական ապրանքների ընդհանուր շուկայի ստեղծման գործում: Եվ, վերջապես, այսօր Հայաստանը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով մեր երկրներից յուրաքանչյուրին իր վերահսկողության տակ վերցնել խոշոր ինտեգրացիոն նախագծերից որևէ մեկը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք համակարգել Եվրասիական միության ոսկերչական ապրանքանիշի ձևավորման ծրագրի իրականացումը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Տիգրան Սարգսյանին ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնում կատարած աշխատանքի համար և մաղթեց ամենայն բարիք։