Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

«Համակարգային կոռուպցիան վերացել է, բայց կան մանր-մունր գողեր». Գոյունյան (տեսանյութ)

ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ այս տարի լուծվել է տարիներ շարունակ համակարգի համար առավել խնդրահարույց հարցերից մեկը' քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը։ Գոյունյանը տեղեկացրեց, որ Քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի պահման համար, իսկ ներկայումս դատապարտված և կալանավորված անձանց ընդհանուր թիվը 2300-ի սահմաններում է։

ՔԿԾ պետն ասաց, որ պաշտոնը ստանձնելիս իր առաջ պայման է դրվել իրականացնել համակարգային բարեփոխումներ՝ դատապարտյալների և կալանավորների պայմանների էական բարելավում, սննդի որակի բարձրացում և այլն։

«Իմ նախկին պաշտոնները որևէ ազդեցությւոն չեն կարող ունենալ իմ ներկայիս գործունեության վրա, ես ոչ մեկի մարդը չեմ»,-վստահեցրեց Գուլոյանը։

 «Ինձ էլ են լուրեր հասել, որ քրեակատարողական հիմնարկներում առանձին ծառայությունների համար որոշված են եղել ու գանձվել են գումարի կայուն դրույքաչափեր, այսպես կոչված՝  «ստավկաներ»: Օրինակ՝ հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ սահմանված հասանելիքից ավելի, յուրաքանչյուր կարճատև տեսակցության համար սահմանված է 100 ԱՄՆ դոլար, երկարատև տեսակցության դրույքաչափը ՝ 300 դոլար։ Հանձնուկի համար՝ 100 ԱՄՆ դոլար։  Դրույքաչափեր են սահմանված եղել նույնիսկ մարմնավաճառների ծառայություններ մատուցելու  համար՝ 300 դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում», - ասաց նա:

Ըստ Գոյունյանի' մշտապես շոշափվող հաջորդ թեման եղել է «զոն նայողներ» ինստիտուտի առկայությունը, , նրանք եղել են հիմնական եղանակ ստեղծողները։

Այդ կատեգորիայի համար ապահովված են եղել լավագույն և արտոնյալ պայմաններ։ Քրեակատարողական ծառայության պետը վստահեցրեց, որ այս ամենը անցյալում է և ոչ մեկը հույս պիտի չփայփայի, որ կարող է վերադարձ լինել նման բարքերին։

Տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների 2 աշխատակից «բռնվել են», քանի որ փորձել են թմրամիջոցը մտցնել քրեակատարողական հիմնարկներ՝ կալանավորներին փոխանցելու համար:

 Տեղեկացրեց նաև, որ այս գիշեր «Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ, ընթանում է զննություն։

Քրեակատարողական ծառայության պետն անդրադարձավ նաև հիմնարկների շենքային պայմաններին, տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները պետք է լուծարվեն։ «Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասում մոտ 10 հա հողատարածքում կառուցվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանող քրեակատարողական նոր հիմնարկ, որն ունենալու է առանձին ստացիոնար հիվանդանոց։

««Երեւան-Կենտրոն» հիմնարկը նախատեսված է ԱԱԾ վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» ՔԿՀ, որպեզի ԱԱԾ վարչական շենքի հետ կապված   բոլոր շահարկումներն այսուհետ չեղարկվեն։

«Հրազդան» ՔԿՀ-ն նույնպես նախատեսվում է լուծարել, փոխարենը, մոտ 7 հա վրա տեղակայված «Սեւան» ՔԿՀ-ի հարեւանությամբ «Հրազդան» ՔԿՀ-ի լրակազմով կառուցել նոր ժամանակակից պահանջներին համապատասխանող ՔԿՀ՝ փակ և կիսափակ ռեժիմներով։ «Գորիս» ՔԿՀ-ն նույնպես նախատեսված է լուծարել, արդեն իսկ ավարտվել են նախագծանախահաշվային աշխատանքները,  Խնձորեսկում նախատեսված է կառուցել նոր ՔԿՀ։ «Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված է կառուցել տեղամաս, որը կապահովի կիսաբաց ռեժիմային պայմաններ»,-տեղեկացրեց Գուլոյանը։

Կարևոր համարեց նաև այն, որ «Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված է կառուցել ժամանակակից օդափոխության եւ ջեռուցման համակարգ։

«Սննդի մատակարարման նոր համակարգի գործարկման պայմաններում հանձնուքների քանակը էականորեն նվազել է, սննդի պարունակությունը գրեթե բացակայում է հանձնուքներում, որվհետև 100 տոկոսով բոլորը օգտվում են մատակարավող սննդից»։

Ըստ Քրեակատարողական ծառայության պետի՝ սրանով դատապարտյալների և կալանավորների հարազատները ազատվում են ֆինանսական մեծ բեռից։

Գուլոյանն անդրադարձավ նաև ինքնասպանություններին և մահվան դեպքերին։

2019 թվականի վիճակագրության համաձայն՝ ՔԿՀ-ներում ինքնասպանություն գործած անձինք հինգն են, որոնք եղել են կալանավորներ և  նրանց դժգոհությունը պայմանավորված չի եղել ՔԿՀ-ի ծառայության հետ։

Տեղեկացրեց, որ հինգ դեպքերով էլ հարուցվել են քրեական գործեր, երկու դեպքերով քրեական գործերի վարույթներն ավարտվել են, կարճվել են հանցադեպի բացակայության պատճառով․

 «Իմ առաջ նպատակ  եմ դրել, որ առաջիկայում նպաստեմ, որպեսզի լուծվի դատապարտյալների զբաղվածության խնդիրը։ Այդ նպատակով զբաղվում է «Դատապարտյալների աջակցության հիմնադրամը», որի լիազոր մարմինը Արդարադատության նախարարությունն է, ինքս հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, ձեւավորել եմ աշխատանքային փորձ, որպեսզի ուսումնասիրեն միջազգային պրակտիկան և փորձենք տեղայնացնել, թե ինչպես կարելի է դատապարտյալների համար տեղում ստեղծել աշխատանքի համապատասխան պայմաններ»։

Վերջինս նաև վստահեցրեց, որ համակարգային կոռուպցիան ծառայությունից վերացել է, բայց կան «մանր-մունր» գողեր, բայց իրենք անձամբ են պայքարում նման դեպքերի դեմ։

Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, Գոյունյանն ասաց, որ քրեական ենթամշակույթի դեմ հաջող պայքարել միայն օրենսդրական փոփոխություններով անհնար է, պետք է կատարվեն նաև զուգակցող աշխատանքեր։

Ինչ վերաբերում է գողական ենթամշակույթը քրեականացնող օրենքի նախագծին, Գուլոյանն ասաց «գողական աշխարհը», իհարկե,  անհանգիստ շարժումներով ընդունեց օրինագիծը, սակայն այս պահին հանգիստ վիճակ է։