Դարակում գումար է եղել, ձեռք չեն տվել․ մանրամասներ՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա հարձակումից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս գիշեր անհայտ անձինք «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ներխուժել և տակնուվրա արել գույքը, բացել դարակները։
«Ժամը 00։20 աշխատակիցները դուռը փակել են և գնացել, առավոտյան 10։20-ի սահմաններում լրագրողը բացել է և տեսել է, որ խմբագրությունը ամբողջությամբ տակնուվրա արված է, փնտրտուքներ են եղել դարակներում։ Իրավապահների նախնական վարկածով՝ մուտք են գործել պատշգամբի պատուհանից, հետագայում քննությունը ցույց կտա՝ ինչպես են իրենց գործողությունները իրականացրել», նշում է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը։
Խմբագրի հավաստմամբ՝ դարակներից մեկում գումար է եղել, սակայն տեղում է մնացել, չեն վերցրել։
Խմբագրության աշխատակիցները դիմել են իրավապահ մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։
Քնար Մանուկյանը նշում է, որ տևական ժամանակ է «Ժողովուրդ» թերթի հանդեպ իրավապահ մարմինների կողմից գործընթացներ են տեղի ունենում, իրենց հրապարակումների հետ կապված ճշտումներ են արվում՝ նյութի աղբյուրի մասին եւ այլն։
«Մարտի մեկի գործով՝ Սերժ Սարգսյանի, ՍԴ դատավորի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցմունքների հրապարակում եղավ, հատուկ քննչական ծառայությունը նախազգուշացում տարածեց, որից հետո արդեն քրեական գործ հարուցվեց, գործով նախաքննությունը դեռևս հատուկ քննչական ծառայությունը շարունակում է, ես հրավիրվել եմ հարցաքննության։ Բացի դա՝ եղան այլ հրապարակումներ, աղմկահարույց սպանություններ, այլ քրեական գործերով, որտեղ մեր ձեռքում հայտնվում էին սպանության տեսանյութեր, որոնք մենք հրապարակում էինք։ Նաև Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում եղել էին չարաշահումներ, այդ թեմայի վերաբերյալ ևս հրապարակում ունեցանք։ էրեբունու քննչականից քննիչ եկավ, ասաց՝ եթե այլ տեղեկություններ կան, օգնեք, սակայն մենք ասացինք՝ չենք կարող տեղեկություն տրամադրել, գնացեք քննություն իրականացրեք»,- պատմում է Քնար Մանուկյանը։
Նա նշեց, որ այս պահին որեւէ մեկին չեն կասկածում։
«Միգուցե մեզ լռեցնելու, վախեցնելու և մեր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար։ Ակնհայտ ստացվեց մի իրավիճակ, որ մենք առավոտվանից չէինք կարողանում մտնել խմբագրություն և աշխատանք իրականացնել, քանի որ իրավապահները ժամեր շարունակում փորձաքննություն էին իրականացնում»,- ասաց նա։