Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ձյուդոյի հավաքականները համատեղ հավաք են անցկացնում Օլիմպավանում

Ձյուդոյի Հայաստանի պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները դեկտեմբերի 10-ից համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

16-ամյա Սերժ Ղուկասյանը, որն իր առաջին քայլերը ձյուդոյում կատարել է 10 տարի առաջ, առաջին անգամ է մասնակցում մեծահասակների հետ համատեղ հավաքին:

«Համատեղ հավաքներ անցկացնելը շատ օգտակար է, քանի որ քեզանից մեծերի և ավելի բարձր քաշային կարգերի ձյուդոիստների հետ մրցելով, փորձ ես ձեռք բերում և հետո ավելի հեշտ է լինում պայքարել արդեն քո քաշային կարգում»,- ասել է պատանի ձյուդոիստը և հավելել, որ 2020 թվականին մասնակցելու է Հայաստանի մեծահասակների առաջնությանը՝ չեմպիոն դառնալու նպատակով:

Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի համար տարեվերջյան եզրափակիչ հավաքի գլխավոր նպատակը ձյուդոիստների ֆիզիկական և տեխնիկական վիճակի բարելավումն է, քանի որ 2020-ի հունվարից սկսվելու են միջազգային մրցաշարերը և հավաքները:

Ձյուդոիստների ձմեռային հանգիստը շատ կարճ կտևի՝ հունվարի 6-15-ը: Հետագայում մեծահասակներն ուսումնամարզական հավաք են անցկացնելու Ավստրիայում: Նախատեսվում են նաև համատեղ հավաքներ Ռուսաստանի և Վրաստանի հավաքականների հետ: