Եվրոպայի լիգա․ Հենրիխ Մխիթարյանի թիմը փլեյ-օֆֆում կհանդիպի բելգիական «Գենտի» հետ
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի նստավայրում տեղի ունեցավ նաև ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը։
Հայ երկրպագուներին առաջին հերթին հետաքրքրում էր Հռոմի «Ռոմայի» մրցակցի անունը, քանի որ իտալական ակումբի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Վիճակահանության արդյունքում հռոմեացի ֆուտբոլիստները կմրցեն բելգիական «Գենտի» հետ, որը իր խմբում գրավել է առաջին տեղը՝ չկրելով ոչ մի պարտություն։ Բելգիացիները հետևում են թողնել գերմանական «Վոլֆսբուրգին», ֆրանսիական «Սենտ-Էտյենին» և ուկրաինական «Ալեքսանդրիային»։
Առաջին հանդիպումը տեղի կունենա եկող տարվա փետրվարի 20-ին, Հռոմում, իսկ պատասխան խաղը՝ փետրվարի 27-ին, Գենտում։
Նշենք, որ անգլիական «Վուլվերհեմփթոնը», որը որակավորման փուլում պայքարից դուրս է թողել Երևանի «Փյունիկին», կհանդիպի իսպանական «Էսպանյոլի» հետ։ Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբներից Դոնեցկի «Շախտյորը» կհանդիպի Պորտուգալիայի չեմպիոն «Բենֆիկային», Լոնդոնի «Արսենալը»՝ հունական «Օլիմպիակոսի» հետ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ բելգիական «Բրյուգեի» հետ։