Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ես խարիզմատիկ մշակութային քաղաքականության կողմնակից եմ․ Արա Խզմալյան (տեսանյութ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ամփոփեց ժամանակակից արվեստի ոլորտում իր պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքները։

Նա, մասնավորապես ներկայացրեց այն հատկացումները, որոնք ուղղվել են թատերական կառույցների հիմնանորոգումներին, տեխնիկական հագեցվածությանն ու անվտանգության համակարգի կատարելագործմանը։ Խոսեց նաև կատարված կրթական ծրագրերի և հոբելյանական միջոցառումների մասին։

«Ես կարծում եմ, որ մեծությունների անունը հավերժացնելու լավագույն ձևաչափերից մեկը մրցույթներն ու փառատոններն են, ոչ թե հուշատախտակներն ու փողոցի անվանումները»,- ասաց նախարարի տեղակալը։

Հաջորդ տարվա ծրագրերի հետ կապված՝ պարոն Խզմալյանը ընդգծեց, որ կարևոր է հասկանալ, թե պետությունը որ հարթակներն է համարում առաջնահերթ, իսկ դրամաշնորհային քաղաքականությունը կվերանայվի, քանի որ լինում են լավ գաղափարներ, իսկ արդյունքը՝ անորակ։ Հիմա այնպիսի չափանիշներ են դրված, որ  զուտ լավ գաղափարը այլևս բավարար չէ՝ նախարարությունից դրամաշնորհ ստանալու համար։

Պարոն Խզմալյանը նաև ընգծեց, որ պետք է գնալ տնօրենների ինստիտուտի ուժեղացման և մասնագիտացման ճանապարհով։

«Գեղարվեստական ղեկավար չեն նշանակում, եթե մարդը տաղանդ է, հեղինակություն և լիդեր, ինքը գեղարվեստական ղեկավար կդառնա։ Սակայն լուրջ խնդիր կա գրագետ կառավարիչների հետ կապված»։

Նրա խոսքով, եթե թատրոնը չունի լավ տնօրեն, որևէ գեղարվեստական ղեկավար իրավիճակը փոխել չի կարող։

«Ես խարիզմատիկ մշակութային քաղաքականության կողմնակից եմ։ Այսինքն, երբ կան դեմքեր, որոնց միջոցով մենք ավելի հեշտ դուրս կգանք միջազգային ասպարեզ, քան առանց այդ դեմքի», - ասաց փոխնախարարը։