Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննարկում
A A
Հասարակություն

«Տեղեկատվության մասին» օրենքը չի կարող ենթարկվել բովանդակային փոփոխության․ Շուշան Դոյդոյան (տեսանյութ)

Քաղհասարակությունը մտահոգություններ ունի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխության վերաբերյալ։ Փոփոխությամբ Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է սահմանափակում մտցնել հազվագյուտ կենդանիների, բույսերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում։  

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը, անդրադառնալով փոփոխության առաջարկին, հարցադրում արեց կովկասյան ընձառյուծի բնակավայրի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ։ 

«Սա պրոբլե՞մ է հասարակության կամ հասարակական կազմակերպությունների համար, թե ՞ ոչ; Որովհետև նախկին պրինցիպով պոտենցիալ որսագող կարող է լինել, կարող է տեղեկատվության համար դիմել, տեղեկություն ունենալ Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին և այդ արիալներում որս իրականացել»,- նշեց խոսնակը։ 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն իր հերթին նշեց, որ ժողովրդավարական հասարակություններում օրենքներում փոփոխություններ, գաղափարներ առաջարկելի, քննարկելիս են հասարակությանը ներգրավում, ոչ թե հետո։

«Այդ օրինագիծը պատրաստելիս դուք կարող էիք ներգրավել հասարակական կազմակերպությունների փորձագետներին։ Կարծում եմ՝ եթե դուք այդ փուլից  պետք է սկսեիք արդեն խորհրդակցել կամ քննարկել դա, այս տիպի օրինագիծ չէր լինի։ Շատ ավելի որակյալ օրինագիծ կարող էր լինել»,- շեշտեց նա։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն ասաց, որ միակ անհանգստությունն այն չէ, որ գաղափարը չի քննարկվել քաղհասարակության հետ։ 

««Տեղեկատվության մասին» օրենքը չի կարող ենթարկվել բովանդակային փոփոխության։ Այսինքն՝ եթե վաղը Առողջապահության նախարարությունը գտնում է, որ իրենց ոլորտում այս մի խումբ տվյալները շատ կարևոր են գաղտնի պահել հանրությունից, և ևս մի հիմք են ավելացնում, վաղը Էկոնոմիկայի նախարարությունն է գտնում, որ «այ, շատ կարևոր է իրենց համար տնտեսության կայունությունն ապահովելու համար, այս տվյալները եկեք գաղտնի պահենք», մյուս օրը՝ Պաշտպանության նախարարությունը։ Եվ այսպես սկսում են բզկտել այս օրենքը»,- ընդգծեց Դոյդոյանը։  

Նա նշեց, որ չի կարելի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հակակոռուպցիոն հզոր գործիքը մասնատել և հատվածային փոփոխությունների ենթարկել։ Նա Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակին խորհուրդ տվեց փոփոխություն կատարել ոլորտային օրենսդրությունում, ոչ թե «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։ 

Լրագրող Արման Սուլեյմանյանը նշեց, որ ավելի լավ է իջնել «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ և տեսնել, թե ինչպես է դրա դիմաց ապօրինի կերպով սիգ վաճառվում։ «Դեկտեմբերի 1-ից հունվարի 10-ը արգելված ժամանակաշրջան է։ Եթե Շրջակա միջավայրի նախարարությունն առհասարակ մտահոգված է ինչ-որ որսագողությամբ, ապա միգուցե սկսեինք նրանից, որ ձվադրման շրջանում սիգի ավելի քան 1000 նավակով ապօրինի որսը կասեցնեինք»,- ընդգծեց լրագրողը։

Սուլեյմանյանն ասաց, որ պետական  մարմինները՝ հանձինս Շրջակա միջավայրի նախարարության, դեռևս չեն յուրացրել սկզբունք․ մեկը՝ թափանցիկությունը, մյուսը՝ հաշվետվողականությունը։  

«Ա1+»-ի հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ փոփոխություն պետք է իրականացվի, որ թե ՛ Շրջակա միջավայրի նախարարությանը բավարարի, ինչպես նաև չխախտվի տեղեկատվության տրամադրմանը, Մելիքյանը պատասխանեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում առաջարկվող այս փոփոխությունը պետք է հանվի շրջանառությունից և նախարարությունն ընդամենը բավարար միջոցներ ձեռնարկի որսագողությունն արմատախիլ անելու համար։

«Ես ուզում եմ օգնել պարոն Գրիգորյանին՝ ասելով, որ  եթե ինքն իսկապես կարծում է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը փակ չի աշխատում և չի որդեգրել հաշվետվողական լինելու քաղաքականությունը, ապա տրամաբանական է, որ այսօրվա խոսակցությունից հետո մեզ կհրավիրեն ավելի լայն քննարկման, և մենք վերջապես կտեսնենք այն մարդու աչքերը, ով «զօրուգիշեր չարչարվել է այս խելակորույս օրինագծի վրա»»,- մեր հարցին ի պատասխան ասաց Սուլեյմանյանը՝ ավելացնելով՝ նաև քննարկմանը մասնակցելով  հասկանալ, թե որն է այս փոփոխության իրական ենթատեքստը։ 

Դոյդոյանն ասաց, որ պեսք է հրաժարվել այս նախագծից, վերադառնալ քննարկման փուլին՝ պարզելու, թե որն է լինելու բարեփոխումը, որը՝ վնասը։ «Եվ երրորդ «Տեղեկատվության ազատության մասին» օրենսդրությունը ենթարկել համապարփակ, համակարգային, ամբողջական փոփոխությունների՝ հիմնվելով օրենքի կիրառման 16-ամյա հաջող, դրական փորձի վրա։ Այլ կերպ այս օրենքին ձեռք տալ մենք ձեզ թույլ չենք տալու»,- շեշտեց կենտրոնի ղեկավարը։

Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանն ասաց, որ նախարարությունը պատրաստ է քննարկումների, կատարելու համապատասխան փոփոխություններ։ Գրիգորյանը քաղհասարակության ներկայացուցիչներին հրավիրեց քննարկումների և հասկանալու՝ փոփոխությունների անհրաժեշտություն կա, թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։