Առաջարկում են ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված աշխատանքային խումբ ստեղծել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն առաջարկում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խումբ ստեղծել։
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստին Սարգիս Խանդանյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խմբում ընդգրկված են լինելու խորհրդարանականները, բայց հրավիրվելու են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, Կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմեր։ Աշխատանքային խումբը 6 ամիս կգործի։
Սարգիս Խանդանյանն առաջարկում է աշխատանքային խմբում ընդգրկել 11 պատգամավորի, որից 7-ը կլինեն «Իմ քայլը» խմբակցության անդամները, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», 2-ն էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։
«Պետք է հասկանանք՝ ատելության խոսքի որ մասը պետք է քրեականացվի, և որը ուղղակի հանրային պարսավանքի արժանանա»,- ընդգծեց հիմնական զեկուցող Սարգիս Խանդանյանը։
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ ատելության խոսքն այսօր Հայաստանի լրջագույն մարտահրավերներից մեկն է, բայց նա մտավախություն ունի այն մասով, որ այս նախաձեռնությամբ խոսքի ազատությանը որևէ կերպ չվնասեն, իսկ աշխատանքային խումբն էլ «Դամոկլյան սուր» չդառնա լրատվամիջոցներին գլխին։ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ատելության և բռնության կոչերի հիմնական «մունետիկները» ֆեյք օգտատերեր են։
«Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ բազմաթիվ ֆեյք օգտատերեր այս կամ այն պետական գերատեսչության ուղղորդմամբ են գործում։ Ես հույս ունեմ, որ այս ամենը մենք քննարկելու ենք աշխատանքային խմբում, որ կա այսպես կոչված իքս ՊՈԱԿ, որտեղից ուղղորդվում են էդ կեղծ օգտատերերի գրոհները՝ բոլոր նրանց դեմ, որոնք հանդգնում են իշխանության կարծիքին հակառակ կարծիք հայտնել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ աշխատանքային խումբ կհրավիրվեն նաև ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։
Նշենք, որ խոսքը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է։
Ի պատասխան՝ Սարգիս Խանդանյանը նշեց, որ այդ տեղեկատվությունը 2 տարվա վաղեմություն ունի, և հիմա ՊՈԱԿ-ը նման գործունեությամբ չի զբաղվում։ Նաիրա Զոհրաբյանին արձագանքեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, որը նախկինում այդ ՊՈԱԿ-ի փոխտնօրենն էր։
Նա ևս նշեց, որ Նաիրա Զոհրաբյանի տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
«Հավաստի տվյալներ կան, որ մինչ հեղափոխությունը այդ տեղեկատվական ՊՈԱԿ-ը տարբեր խողովակներով արշավներ է իրականացրել ընդդիմության, քաղհասարակության նկատմամբ և կեղծ տեղեկություններ է տարածել։ Վստահեցնում եմ, որ հիմա տեղեկատվական ՊՈԱԿ-ի կամ որևէ պետական գերտեսչության ներկայցուցչի ուղղորդմամբ որևէ ֆեյք ֆաբրիկա չի աշխատում»,- նկատեց նա։