Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:

«Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի անդամներին և բանաձևը հեղինակած սենատորներին, ովքեր իրենց արդարամիտ կեցվածքը դրսևորեցին ի նպաստ հայ ժողովրդի ու ի շահ Հայոց Ցեղասպանության ծանր հետևանքների հաղթահարման` բացելով մեր պահանջատիրության պատմական նոր էջը։

Մենք ողջունում ենք նաև ազգային բոլոր մեր հաստատությունների և նվիրյալ անհատների տասնամյակների ազգանվեր աշխատանքը Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ու քաջալերում նրանց այս պատասխանատու հանձնառությունը: Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին։ 

Մեր աղոթքն է, որ Աստված խաղաղության մեջ պահի համայն մարդկության կյանքը` զերծ Հայոց Ցեղսպանության նման ողբերգություններից ու արհավիրքներից` հանուն բոլոր ժողովուրդների հաշտ ու համերաշխ ապագայի», - նշել է Վեհափառ Հայրապետը: