Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԱՄՆ Սենատը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

ԱՄՆ Սենատն առանց առարկության և քվեարկության միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանույունը ճանաչող համար 150 բանաձևը: Մեկ օր առաջ ԱՄՆ Սենատն ընդունել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը

Մենք նոր անցկացրեցինք Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, հայտարարեց սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ ԱՄՆ Սենատում համար 150 բանաձևի ընդունումից հետո, որն, ըստ Սենատի կանոնակարգի, ընդունվեց առանց առարկության և առանց քվեարկության: Բովանդակային առումով այն կրկնում է Ներկայացուցիչների պալատի վերջերս ընդունած բանաձևի տեքստը:

Իր ելույթում բանաձևի դեմոկրատ համահեղինակ, սենատոր Մենենդեսը նշեց, որ բանաձևի ընդունմամբ Սենատը հաստատում է ճշմարտությունը: Մեջբերում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուելի գրքից՝ սենատորն ընդգծեց՝ ԱՄՆ արձագանքի բացակայությունը Թուրքիայի գործողություններին առաջացրեց անպատժելիության նախադեպ, որն ըստ սենատորի այժմ դադարեցվում է:

«Շնորհակալ եմ, որ այս բանաձևն ընդունվեց, երբ դեռ ողջ են Ցեղասպանությունը տեսած մարդիկ: Եվ նրանք ի վիճակի կլինեն տեսնելու, որ Սենատը ճանաչում է այն, ինչի միջով նրանք անցել են»,- հուզական իր ելույթն ավարտեց Մենենդեսը:

Բանաձևի հանրապետական համահեղինակ, սենատոր Թեդ Քրուզն էլ իր ելույթում ընդունումը որակեց երկու կուսակցությունների ձեռքբերում: Նրա կարծիքով ԱՄՆ բարոյական պարտավորություն ունի մեկ ու կես միլիոն հայ նահանտակների առջև:

«Մենենդես-Քրուզ բանաձևը վերահաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից»,- ընդգծեց սենատոր Քրուզը:

Անկարան դատապարտեց ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի անցկացումը, ինչպես նաև նախօրեին Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին Սենատի ընդունած օրենքը: Նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալին իր թվիթերյան գրառման մեջ Ցեղասպանության բանաձևի ընդունման որոշումն անվանել է «դատարկ» և «անիմաստ», որը հետ չի պահի Թուրքիային իր դիրքերից:

Պաշտոնական Երևանն իր հերթին ողջունեց բանաձևի ընդունումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց ԱՄՆ Սենատին այս բանաձևի ընդունման համար:

Երախտագիտություն հայտնելով ԱՄՆ սենատորներին՝ բանաձևի ընդունումը ողջունեցին նաև ամերիկահայ կառույցները՝ այն գնահատելով որպես հստակ ազդանշան Անկարային: Վերջիններիս հայացքներն այժմ ուղղված է դեպի վարչակազմ:

«Բանաձևը չի պահանջում նախագահի ստորագրություն: Քանի որ Կոնգրեսի երկու պալատները փաստորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այժմ պետք է ակնկալենք, որ վարչակազմը ճիշտ քայլերի կդիմի և Հայոց ցեղասպանության մասին խոսելիս կօգտագործի ցեղասպանություն եզրը»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանը:

«Հիմա աշխատանքը պետք է շարունակվի Սպիտակ տան հետ, որ վերջնականապես վերջ դնենք Ցեղասպանության մերժման և մեղսակցության կեցվածքին»,- հայտնում է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջյանը:

ԱՄՆ վարչակազմի կողմից դեռևս որևէ արձագանք չի հնչել այս կապակցությամբ: