Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դանիել Իոաննիսյան
A A
Քաղաքականություն

Պետական կառավարման համակարգում կան մարդիկ, որոնք փոփոխություններ չեն ուզում․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)

Վարչապետի աշխատակազմից առաջարկ է եղել Հանրային խորհրդի անդամ դառնալու, ես մտածել և համաձայնվել եմ, Կառավարության նիստից հետո նշեց «Իրազեկ քաղացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ ավելացնելով, որ խորհրդի նախագահ դառնալու հարցը չի քննարկվել, ինքն էլ այդ ուղղությամբ չի մտածել։

Իոաննիսյանն անդրադարձավ նաև այսօր Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ինքը ջարդելու է»․ հաստատելով հայտարարությունը՝ նա նշեց, որ այս երևույթի մասին վերջին օրերին բավականին խոսվել է։

«Պետական կառավարման համակարգում կան մարդիկ, որոնք փոփոխություններ չեն ուզում։ Նրանք «կոմֆորտ զոնայում» են և ուզում են մնա այնպես, ինչպես որ եղել է։  Այս առումով շատ հասկանալի է նրանց մոտեցումը, այդ մարդիկ չեն ուզում ժողովրդավարական և խաղի կանոնների փոփոխություններ, որովհետև փոփոխությունների պարագայում այդ մարդիկ կարող են այլևս տեղ չունենալ։ Եկեք համաձայնվենք, որ մարդիկ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են ընդդիմության քաղաքական հետապնդմամբ, ժողովրդավարական հասարակությունում անելիք չունեն, գործազուրկ են մնալու»։

Դանիել Իոաննիսյանը ավելացրեց, որ իրավապահ մարմինների բոլոր օղակներում պետք է լինեն լրջագույն փոփոխություններ, դրանք պետք է լինեն թե՛ ոստիկանությունում,  թե՛ ԱԱԾ-ում, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան «էֆեկտիվորեն» կատարել իրենց առջև դրված պարտականությունները և  հարգեն ժողովրդավարական հասարակության կանոնները։

Դիտարկմանը, թե նախկինում խոսվել է, որ Հանրային խորհուրդը անիմաստ կառույց է , Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ Սահմանադրությամբ այդ կառույցը պետք է լինի, և պետք է լինի մաքսիմալ իմաստալից և էֆեկտիվ։

Տեսանյութը՝ Factor.am-ի