Բացել լրահոսը Փակել լրահոսը
Тигран_Уриханян
A A
Քաղաքականություն

Երբ տնտեսությունն աճում է, ո՞րն է դեֆիցիտ արձանագրելու և արտաքին պարտք վերցնելու պատճառը ․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտնեց, որ քննարկվելու են 4 վարկային համաձայնագրերի, մեկ կոնվենցիայի վավերացման մասին հարցեր, իսկ մնացյալ հարցերն օրենսդրական փոփոխություններ են ենթադրում։

Արմեն Հայրապետյանը նշեց, որ հարցերի հրատապությունը կայանում է նրանում, որ դրանց մի մասը պայմանավորված է 2019թ. ընթացքում անելիքներն ավարտին հասցնելու հանգամանքով:

«Այդ անելիքների մեջ շատ կարևոր են 4 վարկային համաձայնագրերը, որով Կառավարությունը 2019թ պետական բյուջեի մասին օրենքում բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսված է եղել արտաքին աղբյուրներից բյուջետային աջակցության վարկերի ներգրավում, և պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք տարվա ընթացքում ներգրավել»,- ասաց փոխնախարարը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ բյուջեի դեֆիցիտը կանխատեսվել է 180 մլրդ-ից ավելիի չափով, և ըստ այդմ՝ պետք է ճիշտ այդքան գումար վարկ վերցնել։ Եթե պետությունը պարտք չվերցնի, այդքան գումարը չի բավարարի պետական կարիքները հոգալու համար:

«Այն պարագայում, երբ տնտեսությունն աճում է, աճի տեմպեր են արձանագրվում, բյուջեն մեծանում է, հավելյալ մուտքեր են ապահովվում և կանխատեսվում, ո՞րն է պատճառն ի սկզբանե դեֆիցիտ արձանագրելու և արտաքին պարտք վերցնելու այն լրացնելու համար»,- Ֆինանսների նախարարից հետաքրքրվեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։