Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. Անկասելի «Բավարիան», հաջողակ «Ատալանտան» և վստահ «Աթլետիկոն»

ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի մնացած 8 հանդիպումները: Դրանցից միայն երեքը սկզբունքային նշանակություն ունեին թիմերի համար:

Նախ C խմբում միմյանց հետ հանդիպեցին 2-րդ տեղի համար պայքարող Դոնեցկի «Շախտյորն» ու «Ատալանտան»: Խարկովում կայացած խաղն ավարտվեց իտալական ակումբի վստահ հաղթանակով՝ 3:0: Այդպիսով, «Ատալանտան» վաստակեց 7 միավոր և մեկով առաջ անցավ Ուկրաինայի չեմպիոնից: Իտալական թիմը չեմպիոնների լիգայի պատմության մեջ  դարձավ առաջինը, որը մեկնարկային երեք խաղերում պարտություն կրելուց հետո մտավ փլեյ-օֆֆ: 

Այս խմբում հաղթեց «Մանչեսթեր Սիթին», որը հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց Զագրեբի «Դինամոյին» և վերջինիս իջեցրեց 4-րդ հորիզոնական՝ զրկելով նաև Եվրոպայի լիգայից:

D խմբում 2-րդ տեղի համար պայքարում էին Մադրիդի «Աթլետիկոն» ու Լևերկուզենի «Բայերը»: Երկու թիմերն էլ հանդես եկան սեփական դաշտում: Իսպանական ակումբը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի չեմպիոն «Լոկոմոտիվիի» նկատմամբ և անհասանելի դարձան գերմանական թիմի համար, որը պարտվեց խմբի ընդգծված առաջատար «Յուվենթուսին»՝ 0:2:

A խմբի առաջատար «ՊՍԺ»-ն իր հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց թուրքական «Գալաթասարային» և վերջինիս դուրս թողեց անգամ Եվրոպայի լիգայից: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս հաղթեց բելգիական «Բրյուգեին»՝ 3:1:

B խմբում անկասելի էր Մյունխենի «Բավարիան», որը այս տուրում սեփական դաշտում 3:1 հաշվով պարտության մատնեց 2-րդ տեղը զբաղեցնող «Տոտենհեմին» և տոնեց վեցերորդ անընդմեջ հաղթանակը: Խմբի ետնապահ «Օլիմպիակոսը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ և Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում խաղալու իրավունք նվաճեց:

Այդպիսով, հայտնի դարձան չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի բոլոր 16 թիմերը, որոնք նախապես բաժանվել են երկու զամբյուղների:

1-ին զամբյուղ. «ՊՍԺ», «Բավարիա», «Մանչեսթեր Սիթի», «Յուվենթուս», «Լիվերպուլ», «Բարսելոնա», «ՌԲ Լայպցիգ», «Վալենսիա»:

2-րդ զամբյուղ. «Ռեալ», «Տոտենհեմ», «Ատալանտա», «Աթլետիկո», «Նապոլի», «Բորուսիա» (Դորտմունդ), «Լիոն», «Չելսի»:

Փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին: Այս փուլում նույն երկրի թիմերը չեն կարող իրար հետ հանդիպել: 

Առաջին խաղերը տեղի կունենան 2020 թվականի փետրվարի 18, 19, 25 և 26-ին, իսկ պատասխանները՝ մարտի 10, 11, 17 և 18-ին: