Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Քաղաքականություն

Եթե քծնել իմանայի, ժամանակին գործող իշխանություններին կքծնեի ․ Արայիկ Հարությունյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին (տեսանյութ)

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ բանակցային գործընթաց չկա, և ընդհանուր առմամբ չի էլ եղել վերջին տարիներին, եթե գլխավոր կողմը՝ Արցախը, չի մասնակցում։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Արցախյան հիմնախնդրից, նա նշեց, որ չկա բանակցություն, ընդամենը կոշտացել է մեր դիրքորոշումը, որը ներկայացնում է Հայաստանի իշխանությունը․

«Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման թեմա չէ, չի կարող քննարկվել, չի կարող լինել բանակցության թեմա, սա նախապայման է մեզ համար։ Հետագան կախված է նրանից, թե մեր նախապայմանը ինչպես է ընդունվում Ադրբեջանի և ընդհանուր առմամբ՝ բանակցող Մինսկի խմբի համանախագահների կողմից և այլն»։

Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ այն իշխանությունը Հայստանում ու նաև Արցախում, որը կշեղվի այս կուրսից, երկար կյանք չի ունենալու։

«Եթե մեր ժողովրդի համար ընդունելի տարբերակ չի լինելու քննարկման  նյութ, կամ տվյալ իշխանությունը պիտի հրաժարվի բանակցություններից, կամ ստիպված է լինելու հրաժարվել իշխանությունից»։

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ վերջինս նշում է, որ անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ` Հայաստանի վարչապետի քմահաճույքներին։ Լրագրողի հարցին, թե արդյոք իրե՞ն է նկատի ունեցել Քոչարյանը, Արայիկ Հարությունյանն արձագանքեց․

«Ես չեմ քծնել իմ կյանքում երբևէ, եթե քծնել իմանայի, կքծնեի ժամանակին գործող իշխանություններին։ Ես ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ, ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ էի Արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից»։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արցախյան խնդրի հետ կապված ներկայիս իշխանությունների մոտեցումն այն է, ինչի մասին Արցախի ժողովուրդը խոսում է արդեն 30 տարի։

Ինչ վերաբերում է տնտեսական և սոցիալական համագործակցությանը, Հարությունյանն ասում է՝ չի եղել մի հարց Հայաստանի իշխանությունների կողմից բարձրացված, որ չլուծվի։

Հարությունյանի դիտարկմամբ՝ Հայաստանը ևս չի ունեցել այսքան դրական սոցիալ-տնտեսական վիճակ։