Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133999
A A
Քաղաքականություն

Հույս ունեմ, որ ոչ մի դատավոր մեկնած ձեռքը չի սեղմի և վնաս պատճառի որևէ քաղաքացու․ԼՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի դերն անհարկի չափազանցվել է, և Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որը բերվել է միայն Հրայր Թովմասյանի հարցը լուծելու համար, տրամաբանական կապ չունի այն նպատակի հետ, որն իր առջև դրել է իշխանությունը։

«Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է։ ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանը մեկ ձայն ունեցող դատավոր է և նա իրավունք չունի իր կամքը պարտադրել ՍԴ մյուս դատավորներին և ես վստահ եմ, որ մյուս դատավորները որևէ կերպ իրենց կաշկանդված չեն զգում Հրայր Թովմասյանի կամքով։ Եթե խնդիրը մեկ դատավորի կամքի հարցի լուծումն է, ապա եկեք հասկանանք, թե որքանով է կարևոր այսքան ժամանակը տրամադրել այդ մարդուն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց նա։

Ըստ Տարոն Սիմոնյանի՝ եթե իշխանությունը ցանկանում է դատական համակարգում բարեփոխումներ անել, ապա միայն այս հարցի լուծմամբ դատական համակարգը ավելի արդյունավետ չի կարող աշխատել։

«Եթե գումար ունենք, որը կարող ենք օգտագործել այդ համակարգը բարեփոխելու և զարգացնելու համար, ապա մեր իսկ առաջարկությունը բազմիցս հնչեցվել է, որ դատավորների քանակը պետք է ավելանա, բայց բազմիցս մերժվել է այն հիմնավորմամբ, որ բյուջեում գումար չկա դատավորների քանակը ավելացնելու համար, և սպասում ենք, որ ինչ-որ տեղից բարեգործները փող պետք է տան, որ դատավորները ավելանան։ Մինչդեռ մեր ունեցած գումարը մենք անխնա բաժանում ենք, ինչ է թե մեկ դատավոր գնա թոշակի»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը չի կիսում այն կարծիքը, թե իշխանությունը ձեռք է մեկնում ՍԴ դատավորներին պատվով հեռանալու համար։ Տարոն Սիմոնյանը նշեց, եթե ձեռք են մեկնում, ապա թող իրենց հաշվին մեկնեն, և ոչ թե հարկատուների հաշվին։

«Բարոյական առումով այստեղ խնդիր տեսնում եմ, որովհետև դատավորները բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող անձինք են։ Երբ որ նրանց նման առաջարկություն է արվում, ըստ էության՝ դատավորները վաճառում են իրենց մասնագիտական բարոյականությունը փողի դիմաց։ Սա իմ կարծիքով խնդրահարույց է, և ես հույս ունեմ, որ ոչ մի դատավոր մեկնած ձեռքը չի սեղմի և վնաս պատճառի ՀՀ որևէ քաղաքացու»,- հավելեց նա։