Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133998
A A
Քաղաքականություն

Այդ հարցը այսպես թե այնպես լուծվելու է, ուրիշ հնարավորություն չկա․Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ի մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ այսօր դատական համակարգում խնդիր կա և այն պետք է լուծվի։

«ՀՀ-ն, կարելի է ասել, զավթված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Քաղաքական առումով այդ երկու անձնավորությունները տասնամյակներ շարուակ ստեղծել են այն Հայաստանը, որը պետք է մեկ սպասարկեր Ռոբերտ Քոչարյանին, մեկ՝ Սերժ Սարգսյանին։ Այս սպասարկման համակարգի մի մասն է եղել դատական համակարգը, այն լիովին ստեղծված է եղել, որպեզի սպասարկի այդ ռեժիմին»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց 2018 թ․-ի հոկտեմբերի 2-ը, երբ իր խոսքով՝ փորձ արվեց կանգնեցնել հեղափոխությունը, և գործադիր իշխանությունը կանխեց այդ։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այդ դեպքից մի քանի օր առաջ, Հանրապետական կուսակցության 2 պատգամավորներ իրեն ասել են՝ քիչ մնաց, և կտեսնեք, թե մի քանի օր անց ինչ է լինելու։

«Հիմա կա դատական իշխանության խնդիր և դա փաստ է, դրա մասին փաստում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչներին, այլև Իվետա Տոնոյանն ասում է, որ ՍԴ անդամները իրենց աչքի լույսը չեն, բայց երբ քայլ է արվում որևէ լուծում տալու, չգիտես ինչու, շահարկվում է այն, որ իշխանությունը փորձում է ձևավորել դատական իշխանություն, որն իրեն հարմար կլինի։ Եթե նման քայլի գնալու լինեինք, այդ համակարգը ի սկզբանե ստեղծվել էր սպասարկելու համար, խոսքը բոլոր դատավորների մասին չէ, նրանց թվում կան պարկեշտ դատավորներ։ Այդ համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանությանը , բայց իշխանությունը դրանից հրաժարվել է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, եթե ՍԴ նախագահը և դատավորները հրաժարական չտան, ի՞նչ քայլ է հաջորդելու, ԱԺ փոխխոսնակը ընդգծեց, որ «կատաստրոֆա» չի լինելու հրաժարականներ չլինելու դեպքում, և իրենք առաջ են գնալու և մեկնելու են մյուս ձեռքը։

«Թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, թե իշխանությունը նստած մտածում է՝ բա էս էսօր ի՞նչ անենք, որ այդ հարցը լուծվի, որովհետև նախ՝ այդ հարցը այսպես թե այնպես լուծվելու է, ուրիշ հնարավորություն չկա, և երկրորդ՝ հավատացեք մեր օրակարգի խնդիրների մեջ այդ հարցը նույնիսկ առաջին տասնյակում չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ նկատեց, թե օրենսդիր իշխանությունը 2-րդ անգամ է հնարավորություն տալիս Հրայր Թովմասյանին, որպեսզի ՍԴ ճգնաժամը լուծի։

«Դա ինքնուրույն նա պետք է աներ շատ ամիսներ առաջ, բայց ճգնաժամը թողեց այնտեղ, որ պառլամենտը 2-րդ անգամ քայլ է անում, որպեսզի ճգնաժամի հաղթահարման համար հնարավորություն տա ՍԴ-ին, թե ինչքանով նրանք դրանից կօգտվեն, հետագայում կտեսնենք»- նշեց նա։