Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«2019 թվականին քրեակատարողական համակարգում բացառիկ դեպք է արձանագրվել»․ Արփի Սարգսյան (տեսանյութ)

«Ցմահներ դատապարտյալների վերաբերյալ որևէ գործ Հայաստանում չի վերանայվել»,-այս մասին հայտարարեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարական դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը։

Ինչ վերաբերում է ցմահ դատապարտյալների ազատ արձակմանը, Ռևազյանն ընդգծում է, որ  ունենք Հայաստանում երկու դեպք, երբ հիվանդության հիմքով անձինք ազատ են արձակվել, մեկ դեպքի պարագայում գործել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանգամանքը։

Ռևազյանն ընդգծում է, որ նույնիսկ դրական եզրակացություններով գործերը գնում են դատարաններ, բայց պայմանական վաղաժամկետ ազատումը չի գործում։

ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանն էլ ասում է, որ պետք է հստակ արձանագրել, որ դատապարտված անձանց գործերի վերանայման դեպքում պետք է հստակ լինեն այն հիմքներն ու հիմնավորումները, որոնք թույլ կտան իրավասու մարմիններին վերաբացել տվյալ գործերը․

«Արդարադատության նախարարությունը չէ այն իրավասու մարմինը, որը կկարողանա վերաբացել ցանկացած գործ կամ փոփոխել քրեական գործի ընթացքը կամ պատժատեսակը»։

Սարգսյանի խոսքերով՝ ցմահ ազատազրկվածների մասով պետք է արձանագրել, որ չեն կարող դատարաններին ստիպել, որ դրական եզրակացությունների հիման վրա անձին ազատ արձակեն։

«2019 թվականին քրեակատարողական համակարգում բացառիկ դեպք է արձանագրվել՝ երկու ցմահ դատապարտված անձի ռեժիմ փոխվել է՝ կիսափակ ուղղիչ ռեժիմից կիսաբաց ուղղիչ ռեժիմով»։

Վերջինիս հավաստմամբ՝ դրական տեղաշարժ կա նաև փակ ուղղիչ հիմնարկից կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվածների մասով։

Նա ընդգծեց, որ մոտ 10 անձ փակից տեղափոխվել է կիսափակ, կան նաև ընթացիկ գործեր։