Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ուզում եք այդ կանտորայի դատավորներին փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները։ Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այն որակեց քաղաքական։

«Մեր իշխանությանը դուր չի գալիս Սահմանադրական դատարանի այս կազմը, հատկապես՝ նրա նախագահը։ Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյանի և մնացյալ 6 դատավորների համար՝ շռայլություն կլինի։ Մենք ուզում ենք, որ Հայաստանում գործընթացները լինեն բացառապես իրավական, և որևէ քաղաքական պրեսինգ, ինչպես նախկինում է եղել, չլինի»,- նշեց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանին մտահոգում է, թե ինչո՞ւ հարկերից պետք է 630 000 000 մլն դրամ տրամադրվի Հրայր Թովմասյանին և մնացյալ 6 դատավորներին։ «Էդ ո՞նց եք որոշել, որ միայն նրա համար, որ ձեր դուրը չի գալիս այդ կանտորան և դուք ուզում եք այդ կանտորայի դատավորներին փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով, մենք՝ հարկատուներս չպետք է լուծենք առաջնահերթ խնդիրներ»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը զգուշացրեց ՍԴ այն դատավորներին, որոնք կգայթակղվեն և հրաժարական կտան, հիշեն, որ այս իշխանությունը հավերժ չէ և իշխանության փոփոխությունից հետո, հիշեն, որ այդ գումարները վերադարձնելու են։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է կամավոր հիմքով ՍԴ դատավորներին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հրաժարական տալ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, եթե ՍԴ նախագահը և դատավորները հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Մանրամասները՝ տեսանյութում։