Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Դրա համա՞ր է վարչապետը ցայտնոտի մեջ, և ամեն օր պետք է ձերբակալություններ լինեն․ Կիրո Մանոյան (տեսանյութ)

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների տարածած հայտարարության տակ երկու նախարարները չէին ստորագրել այն պատճառով, որ այդ փաստաթուղթը մերժել էր Էլմար Մամեդյարովը։ «Կարծում եմ, մերժումն ավելի շատ Ադրբեջանից էր, բայց Հայաստանն էլ դժգոհ չէր դրանից, քանի որ Նիկոլ Փաշինյանը, երբ վարչապետ դարձավ, հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքները ընդունելի չեն։ Եվ չի բացառվում, որ հայկական կողմը դժգոհ չէր, որ Մադրիդյան սկզբունքներին հղում անող փաստաթղթի տակ իր անունը չլինի»,- ասաց Կ․Մանոյանը։

Անդրադառնալով 2020թ․ Արցախում նախագահական և ԱԺ ընտրություններին, ասաց, թե իրենց կուսակցությունը դեռ չի որոշել նախագահի թեկնածու կառաջադրի՞, թե՞ կպաշտպանի որևէ այլ թեկնածուի։ Մասնակցության ձևաչափի հարցը կորոշվի դեկտեմբերի 15-ին, արցախյան կառույցի ժողովի ժամանակ։

Կ․Մանոյանը խոսեց նաև ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանության ճանաչումն ընդունող բանաձևի մասին, որի վրա երրորդ անգամ վետո դրվեց։ «Սպիտակ տունը կարող է  տակտիկական քայլերով ձգձգել, բայց Սենատն անպայման ընդունելու է այն։ Սա օրինագիծ չէ, բանաձև է և ընդամենը քաղաքական արժեք ունի։ Կարող է նախագահն իր ուղերձում էլի չօգտագործել Ցեղասպանություն բառը, բայց Սպիտակ տան վրա ճնշումն ավելի կմեծանա»,- կարծում է Կ․Մանոյանը։

Խոսելով գործող իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին ՀՅԴ-ականը հարցնում է, թե, եթե նրանց վարկանիշը նույնքան բարձր է, ինչո՞ւ են ձերբակալություններ անում։ «Դրա համա՞ր է վարչապետը ցայտնոտի մեջ, և ամեն օր պետք է ձերբակալություններ լինեն։ Թող ձերբակալություններ անեն, բայց ոչ թե վարկանիշը բարձրացնել-իջեցնելու հաշվին»,- ասում է Կ․Մանոյանը։