Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Քննարկվել են  պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկվել է վերամշակող արդյունաբերության  կազմակերպմանը վերաբերող հարցեր, որին մասնակցել են  «Զանգեզուրի  ՊՄԿ» , «Չաարատ Կապան»,«Ագարակի ՊՄԿ»  , «Ախթալայի ԼՀԿ»,  «Թեղուտ» ՓԲ ընկերությունների  գլխավոր   տնօրենները, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն  ընդունելու համար և հույս հայտնել, որ այս բարդ նախաձեռնությունում պետությունը կարող է ոլորտի առաջատար ընկերություններին  որպես գործընկեր դիտարկել:

Լ.Շուշանյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է հռչակել   հանքարդյունաբերությունում, մասնավորապես` պղնձաարդյունաբերությունում,  վերամշակման ամբողջական շղթայի ապահովման գործընթացը  և այս աշխատանքներում ակնկալում է հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությունը և գիտելիքների, և ներդրումների և մարդկային ռեսուրսների մասով: «Մեզ համար կարևոր է, որ դուք որպես գործընկեր ներգրավված լինեք այս աշխատանքներում և ներկայացնեք ձեր առաջարկներն ու մտահոգություններն այս նախաձեռնության վերաբերյալ»,-ասել է ոլորտը համակարգող փոխնախարարը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերամշակման ամբողջական շղթայի ապահովմանը, պղնձաձուլարանի կառուցմանը, այս աշխատանքներում հանքարդյունաբերող ընկերությունների հնարավոր մասնակցությանը և ձևաչափին վերաբերող հարցեր:

Ընկերությունների տնօրենները  ողջունել են վերամշակող արդյունաբերությանը զարկ տալու   պետության նախաձեռնությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  վերջիններս  կուղարկեն այս շղթայում  մասնակցության վերաբերյալ  իրենց տեսլականը: