Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133961
A A
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանի հրաժարականը շարունակում է մնալ ՀՅԴ օրակարգում (տեսանյութ)

Դեկտեմբերի  5-7-ը Երևանի «Արամ Մանուկյան» կենտրոնում Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և խորհրդի կողմից գումարված Հ.Յ.Դ. Երիտասարդական-ուսանողական եռօրյա համահայկական խորհրդաժողովը ավարտել է իր աշխատանքները:

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանն անդրադարձավ խորհրդաժողովի հիմնական նպատակին՝ նշելով, որ Դաշնակցական երիտասարդները հանձնառու են ընկերվար (սոցիալական – հեղ․), ժողովրդավար և ազգային արժեքներ կրող պետություն կերտելու գործում, դաշնակցականներն աշխատում են նաև համայնքային պայմաններում․ որտեղ հայ կա, դաշնակցական երիտասարդներն այնտեղ ներկա են և ունեն անելիքներ։

Օրեր առաջ ՀՅԴ շարքերից հեռացվել էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության անդամներ Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ՀՅԴ-ում ներքին ժողովրդավարության բացակայության վերաբերյալ հարցին՝ Արշակ Մեսրոպյանն ասաց, որ ներքին ժողովրդավարությունը կուսակցության մեջ արմատացած է։ 

«Եթե օրինակ բերենք մեր խմբային ժողովները, ցանկացած հարց, որ բերվում է ժողով, բոլորն իրավունք ունեն արտահայտելու իրենց անկեղծ մտահոգությունները և տեսակետներն առհասարակ։ Բայց, այստեղ մի հատ մեծ բայց կա․ երբ որ ժողովն արդեն կայացնում է որոշում, այդ պահից հետո մենք բոլորս դառնում ենք մի զինվոր այդ նպատակն իրագործելու մեջ, այդ գործն իրականացնելու մեջ։ Դա ներքին ժողովրդավարությունն է մեզ համար։ Այդ որոշումից հետո, երբ որ ցանկացած ոք արդեն ուրիշ ուղղությամբ է գնում, արդեն գոյություն ունի կուսակցության կանոնագիր»,- մանրամասնեց նա։

Կանոնագիրը, ըստ ՀՅԴ երիտկառույցի ղեկավարի, կարգապահական ընթացք է սկսում, և համապատասխան կերպով կուսակցականը ստանում է համապատասխան պատիժը։ Մեսրոպյանն ասաց, որ երբ որ մի երիտասարդ մտնում է կուսակցության շարքերը, ձեռքը դնում կանոնագրի վրա և երդվում կուսակցության ծրագրի վրա։ 

«Երդումից մի տող․ Մենք երդվում ենք՝ Դաշնակցական դառնալով՝ հնազանդվել, այդ թվում՝ նաև վերադաս մարմնի որոշումներին։ Դա մեր երդման մի մասն է կանոնագրին և վերադաս մարմնի որոշումներին։ Ներքին ժողովրդավարությունը ներքին հարցերը ներսում քննարկելն է, մանավանդ երբ դրա տեղն ունես։ Անձամբ ինձնից 6 տարի է պահանջվել, որ էս մտքի հետ համաձայն լինեմ։ Որ ես ենթարկվեմ իմ վերադաս մարմնի կայացրած որոշմանը։ Առանց դրա անիմաստ է կուսակցության անդամակցելը։ Եվ ես կարծում եմ, որ բոլոր կուսակցություններում է այդպես»,- շարունակեց ՀՅԴ Երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը։  

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության վերոնշյալ անդամների հեռացումը դաշնակցական երիտասարդները բնականոն ընթացք են համարում։ «Պարտիզանական հարվածներ» արտահայտության մասով Մեսրոպյանն ասաց, որ նույնիսկ եթե այդպիսի արտահայտություն է եղել, ապա դա ուղղված է եղել Հայաստանի սահմաններից դուրս թշնամուն, և որ ՀՅԴ ներքին թշնամիներ չունի։

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ՀՅԴ երիտասարդական կառույցները միմյանց նկատմամբ վերահսկողության իրավունք չունեն։ «Երիտասարդական միությունն այս պահին կենտրոնացած է իր թիվ մեկ օրակարգի վրա․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացվող քաղաքականություն և այդ քաղաքականության պատասխանատուներ»,- նշեց ՀԵՄ ԿՎ անդամը։

Լրագրողի հարցին, թե ՀԵՄ-ը շարունակո՞ւմ է պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Գրիգորյանն ասաց, որ այո, նախարարության դիմաց ոստիկանության կողմից կիրառած ուժի պատասխանատուն ԿԳՄՍ նախարարն է․ «Ինձ թվում է՝ առաջիկա շաբաթում էլի կունենանք համապատասխան ակցիա, որի մասին կտեղեկացնենք»։ 

Հարցին, թե Ազգային անվտանգության ծառայությունը կամ այլ իրավապահ մարմիններ ստուգումներ անցկացրե՞լ են ՀՅԴ-ում, ՄԵսրոպյանն ու Վարդանյանը պատասխանեցին, որ տեղյակ չեն և խորհուրդ տվեցին ճշտել ՀՅԴ Գերագույն մարմնից։ 

Պարսկաստանի միության ներկայացուցիչ Նարե Սահակյանը, անդրադառնալով Հայոց լեզվի, պատմությանը պարտադիր դասավանդվող առարկա լինելու կարգավիճակից հնարավոր զրկմանը, նշեց, որ ամբողջ հայկական սփյուռքը հայկական մշակույթից, հայեցի դաստիարակությունից է սնվում։