Բացել լրահոսը Փակել լրահոսը
arayik-harutyunyan2-1-634x445
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանի նամակը՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին ուղղած նամակի  բովանդակությունը:

Ովքեր չեն հետևել այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում «Գլոբալ տաքացման հիմնախնդիրները և կանաչ հեղափոխությունն Արցախում» թեմայով դասախոսությանս ուղիղ հեռարձակմանը ( http://bit.do/fjQmC ) կամ տեսանյութը չեն դիտել, տեղեկացնեմ, որ այս մասին հայտարարել էի այդ ընթացքում:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար պարոն Անտոնիո Գուտերեսին

Ձերդ գերազանցություն պարո՛ն Գուտերես,

Ողջունում ենք Միավորված ազգերի կազմակերպության՝ դեկտեմբերի 2-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկած կլիմայական հարցերով 25-րդ վեհաժողովի աշխատանքները և հայտնում, որ ամբողջությամբ կիսում ենք գլոբալ տաքացման դեմ ուղղված ՄԱԿ-ի մտահոգություններն ու գործադրած ջանքերը:

Որպես Արցախի չճանաչված Հանրապետության նախկին վարչապետ՝ կարող եմ փաստել, որ դեռևս 2008թ.-ից վերականգնվող էներգիայի արտադրության ուղղությամբ սկսած ծրագրերի արդյունքում անցած տասը տարիներին մեզ հաջողվել է մեր փոքրիկ հանրապետությունն ամբողջությամբ ապահովել վերականգնվող էներգիայով: Այսօր հպարտությամբ արձանագրում եմ, որ վերականգնվող էներգիայի հաշվին ինքնաբավ լինելուց զատ մենք դարձել ենք էլեկտրաէներգիա արտահանող պետություն: Եվ դա այն դեպքում, երբ որևէ միջազգային ֆինանսական աջակցությունից չենք օգտվել, երբ գտնվում ենք Ադրբեջանի Հանրապետության հետ ռազմական հակամարտության մեջ:

Ձերդ գերազանցություն,

Ո՛չ Ադրբեջանի հետ հակամարտությունը, ո՛չ Արցախի միջազգային կարգավիճակը չեն կարող մեզ զրկել աշխարհի լիիրավ մաս կազմելու և գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու գործում մեր բաժին մասնակցությունն ունենալու իրավունքից, քանի որ գլոբալ խնդիրները սահմաններ ու կարգավիճակ չեն ճանաչում:

Կլիմայական փոփոխությունների և գլոբալ տաքացման դեմ պայքարին ուղղված Ձեր կոչում առաջիկա տասը տարիների համար նշաձող սահմանեցիք ջերմային գազերի՝ մինչև 45 տոկոս կրճատումը: Մենք միանում ենք Ձեր կոչին և հայտարարում, որ Արցախի Հանրապետությունում կգործադրենք բոլոր հնարավորություններն այդ գազերի արտանետումները մինչև 70 տոկոս կրճատելու ուղղությամբ: Արցախի Հանրապետությունը մեծապես կանաչ պետություն դարձնելու բոլոր նախադրյալները ստեղծված են, և, համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ իմ սիրելի հայրենիքը կդառնա աշխարհի ամենաօրինակելի պետություններից մեկը:

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները, առավել ևս, երբ նա մեր մոլորակի առաջ ծառացած խնդիրների դեմ պայքարում պատրաստ է առաջիններից լինել:

Հարգանքով՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան»։