Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Փոքր-ինչ զարմանալի է և զարմանալի չէ ․ Արման Աբովյանն իր հեղինակած օրինագիծը չընդունելու մասին

Քվեարկության դրվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար  Արման Աբովյանի կողմից «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին։

Վարման կարգով «Իմ քայլը» խ,բակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ չնայած նրան, որ Պետա-իրավական հարցերով հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն օրինագծին, «Իմ քայլը» խմբակցությունն ազատ է քվեարկելու։

Կողմ - 51, դեմ - 25, ձեռնպահ - 15 ձայների համամասնությամբ որոշումը չընդունվեց։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Իգիթյանը և Աննա Կարապետյանը «կողմ» դիրքորոշում են հայտնել նամակով։ Այնունամենայնիվ որոշումը չընդունվեց, քանի որ անհրաժեշտ էր պատգամավորների առնվազն 3/5-ի ձայնը։

«Հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ առաջին ընթերցման ժամանակ օրենքն ընդունվեց, երկրորդի ժամանակ հանձնաժողովը միաձայն ընդունեց օրինագիծը։, ինչ ասեմ․ շատ կարևոր օրենք էր, ցավոք չանցավ։ Հետևությունները թողնում եմ ձեր վրա»,- վարման կարգով իր ելույթում ասաց օրինագծի հեղինակ Արման Աբովյանը։

Աբովյանի առաջարկը հետևյալն էր․ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«3. Մինչեւ 14 անդամ ունեցող խմբակցություններն ունենում են Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ մինչեւ երեք փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար եւ մինչեւ հինգ փորձագետ:»:

Ի պատասխան ԲՀԽ քարտուղարի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ ողբերգական բան տեղի չի ունեցել։ «Ընդամենը քննարկումների և գաղափարական բախումների արդյունքում նման որոշում է ընդունվել։ Եվ հույս եմ հայտնում, որ անկախ այս հանգամանքից, մենք մի տարվա ընթացքում երեկ Ձեր նշած՝ ավելի համապարփակ լուծում մշակելու պայմանավորվածութունն ուժի մեջ է»,- եզրափակեց նա։