Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ես չունեմ քարտուղարուհի և Սեդրակ Քոչարյանի նման մեծ օֆիս, որ 100 հոգի զանգերին պատասխանի․ Արա Պապյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի ունեցավ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արա Պապյանի գործով դատական նիստը:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, զրպարտություն է համարում հարցազրույցներից մեկում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի արտահայտած այն միտքը, որ բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը:

Դատական նիստի սկզբում հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեց նշելով, որ Արա Պապյանը սույն թվականի դեկտեմբերի 4-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ եթե կան անձինք, որոնք տուժել են այս գործով, դիմեն իրեն, և տրամադրել է իր էլեկտրոնային հասցեն: Այդ հայտարարությունը տարածվել է «Սասնա Ծռեր» կուսակցության կողմից:

Փաստաբան Անի Ալավերդյանի օգնական Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ հայտարարությունն առաջացնում է ճնշում, հրապարակային իրավունքի չարաշահում: է։

Նա դատարանից խնդրում է վերջինիս նկատմամբ կիրառել դատական սանկցիա և տալ նկատողություն։ Նշեց՝ եթե դատական գործը շարունակվի քաղաքականացվել, իրենք ստիպված կլինեն բոյկոտել գործի քննությունը:

«Արա Պապյանը այս ձևով փորձում է հաջողության հասնել՝ ճնշումներ ստեղծելու միջոցով: Փաստորեն Արա Պապյանը, հասկանալով իր գործողությունների ոչ իրավաչափ լինելը, փորձում է հաջողության հասնել դատարանի վրա հասարակական, քաղաքական ճնշումներ ստեղծելու  միջոցով: Մենք գտնում ենք, որ ԱրաՊապյանի գործողությունները, մասնավորապես՝ հանրությանը և տարատեսակ կուսակցություններին ներգրավելը և գործին քաղաքական կոնտեքստ հաղորդելը հանդիսանում են դատավարության իրավունքի չարաշահման դրսևորումներ»:

Ներկանացված միջնորդության վերաբերյալ առարկեց  պատասխանող կողմը։ Արա Պապյանը, անդրադառնալով իր հայտարարությանը, նշեց, որ այս հարցը հանրությանը հետաքրքրող հարց է, և այն որպես ճնշում դիտարկել չի կարելի։

«Ես մյուս դատավարությունները նայում եմ, բոլորն էլ խոսում, ներկանացնում են՝ դատը ոնց է ընթանում, եթե դա դիտարկենք, որպես ճնշում, ուրեմն պետք է բոլորին արգելվի: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ ես փաստեր չունեմ, ես ունեմ փաստեր, և դատարանը պետք է որոշի՝ ինչքանով են դրանք հիմնավոր։ Եթե ասում եք՝ այս հայտարարությամբ «Սասնա Ծռեր» կուսակցությունն է կիսվել,այդ իսկ պատճառով քաղաքական է, գիտեք, մեկ տասնյակից ավել այլ քաղաքացիներ են կիսվել, ինչը ես չեմ կարող վերահսկել։ Եթե մարդիկ այդ հայտարարության տակ ինչ-որ մեկնաբանություններ են գրում, ես պատասխանատու չեմ։ Ես չունեմ քարտուղարուհի և Սեդրակի նման մեծ օֆիս, որ 100 հոգի զանգերին պատասխանի, ես չեմ կարող երեսուն զանգի պատասխանեմ, ես գրել և տեղադրել եմ, ով ուզում է, թող իմանա և գա»։

Միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 6-ին ժամը 17-ին։