Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Մակեյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը հայցը չի բավարարել․ Առավոտ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երկու որոշում է հրապարակել Հայաստանի դեմ՝ «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» և «Մակեյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերով:

«Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը բողոքը մասամբ բավարարել է՝ որոշելով, որ խախտվել է Համբարձումյանի անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանք դրսևորելու իրավունքը: Մյուս կողմից դատարանը որոշել է, որ Եվրոպական կոնվենցիայի Հոդված 6-ով (արդար դատավարության իրավունք) որևէ խախտում չի եղել:

Ըստ այդմ, դատարանը Հայաստանին պարտավորեցրել է հայտատուին վճարել 1200 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: ՄԻԵԴ հայց ներկայացրած 1956թ. ծնված Կարինե Համբարձումյանը նախքան ձերբակալությունն աշխատում էր Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և մեղադրվել էր կաշառք վերցնելու և խարդախության համար:

Կարինե Համբարձումյանը, ՄԻԵԴ-ում բողոքարկել էր իրեն գաղտնալսելու օրդերը: Բացի այդ, նա դատավարության ժամանակ պնդել էր, որ այդ գաղտնալսման նյութերը չեն կարող կցվել գործին, քանի որ անօրինական են: Մյուս՝ «Մակեյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանը հայցը չի բավարարել՝ գտնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հոդված 6§1-ը (արդար դատավարության իրավունք) չի խախտվել:

Խոսքը վերաբերում է Պետրոս Մակեյանի, Շոթա Սաղաթելյանի և Աշոտ Զաքարյանի բողոքին, որոնք 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ներգրավվել էին թեկնածուներից Լևոն ՏԵր- Պետրոսյանի քարոզարշավում: Նրանց դեմ քրեական գործ էր հարուցվել ընտրություններից մեկ օր հետո՝ 2008թ. փետրվարի 19-ին՝ Գյումրիի ընտրատեղամասերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամների հետ ունեցած վեճի համար, ինչի հետևանքով ընտրական հանձնաժողովի աշխատանքը խաթարվել էր կես ժամով: Նրանք կալանավորվել էին: